Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀաՄաՏեղ ծրագրի համընկերության հայտարարությունը ՀաՄաՏեղ ծրագրի համընկերության հայտարարությունը

Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած կառավարության նիստում որոշում է կայացվել (արձանագրային որոշում 16-40), համաձայն որի` առաջարկվում է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ տվյալ ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, որն անհատույց հանձնված է կառավարելու համապատասխան ջրամատակարաման ընկերություններին, նվիրատվության կարգով հանձնել այդ ընկերություններին: Նույն որոշմամբ առաջարկվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին այդ համակարգը հանձնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Այդ որոշման մեկ այլ կետով առաջարկվում է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքի համապատասխան համայնքների ղեկավարներին՝ այդ ընկերություններում տվյալ համայնքների կողմից տնօրինվող բաժնետոմսերը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Ավելին, քանի որ կառավարությունը չի կարող պարտադրել համայնքներին` հանձնել համայնքային գույքը, որոշման մեջ նշվում է. առաջարկել համայնքների ղեկավարներին դրանք հանձնել նվիրատվության կարգով, իսկ այդ «առաջարկների» հետևում այնպիսի հզոր կառույցներ են կանգնած, որ համայնքների ղեկավարները կամա, թե ակամա հանձնողի դերում են հանդես գալիս:

Ամբողջ ջրամատակարարման համակարգը մեկտեղ կենտրոնացնելու դեպքում, բնական է, կլինի մի ընկերություն, որը կսկսի զբաղվել դրանով, ինչը ձևավորելով մենաշնորհային վիճակ հետագայում կարող է հանգեցնել գնային որոշակի փոփոխությունների և բնակիչը չի կարող որևէ ազդեցություն ունենալ այդ ծառայությունների մատուցման պայմանների՝ ներառյալ գներն ու որակը, վրա:

Կարճ ժամանակ անց կլինի այն պատկերը, ինչ ունենք էլեկտրացանցերի և գազամատակարարման ցանցերի հետ կապված:

Այսօր ամբողջ աշխարհը գնում է հակառակ ճանապարհով, և պետական լիազորությունների որոշակի մասը փոխանցվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ավելի մոտ են բնակչին և կարող են ավելի արդյունավետ կառավարվել, իսկ մեր դեպքում, երբ անվերջ խոսվում է ապակենտրոնացման մասին, տեղի է ունենում լիազորությունների կենտրոնացում:

ՀաՄաՏեղ ծրագրի համընկերությունը հայտարարում է, որ սույն որոշման իրականացումն առանց քննարկումների, հանրային լսումների կազմակերպման, հակասում է տեղական ինքնակառավարման օրենսդրությանը, ինչպես նաև հակասում է ՀՀ կառավարության որդեգրած ապակենտրոնացման և հակամենաշնորհային քաղաքականությանը:

ՀաՄաՏեղ ծրագրի կոնսորցիումը կոչ է անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ վերը նշված որոշման իրականացումից։