Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի համընկերության հայտարարությունը Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի համընկերության հայտարարությունը

ՀՀ կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» նախագիծը (Կ-991-18.04.2016-ՏՀ-010/0) : Այդ նախագծում սահմանված են տեղական հարկեր համարվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը, ինչպես նաև տեղ է գտել հետևյալ դրույթը՝ «Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է մինչև 10 տոկոսով բարձրացնել տվյալ համայնքի բյուջե վճարվող տեղական հարկերի հաշվարկման օրենքով սահմանված դրույքաչափերը»։

Տեղական հարկերի կարևոր բնութագրիչներից մեկը դրանց դրույքաչափերի սահմանումն է համայնքի ավագանու կողմից, օրենքով նախատեսված շրջանակներում։ Օրենսգրքի նախագծի «․․․կարող է մինչև 10 տոկոսով բարձրացնել․․․» ձևակերպումը պասիվ դերակատարման հնարավորություն է տալիս համայնքի ավագանուն, որը կարող է նույնիսկ չքննարկել այդ հարցը։

Թվում էր թե 2010թ․-ից գործող օրենսդրության մեջ տեղ գտած տեղական հարկերի դրույքաչափերի սահմանման սխալը կուղղվի օրենսգրքի նախագծում և կսահմանվի դրույքաչափերի միջակայք, մանավանդ որ դրա մասին նշվել է նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 2014թ․ մարտի 26-ին ընդունած «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում» զեկույցում։ Սակայն դա արվել է մասնակիորեն։ Բացի դրանից օրենսգրքի նախագծից հանվել է ներկայումս գործող օրենսդրության մեջ առկա երրորդ տեղական հարկը՝ հյուրանոցային հարկը։

ՀաՄաՏեղ ծրագրի կոնսորցիումը հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» նախագծի տեղական հարկերի դրույքաչափերի սահմանմանը վերաբերող դրույթը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության Հոդված 185-ի 3-րդ կետին՝ ըստ որի «Համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր» և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի Հոդված 9-ի 3-րդ կետին՝ համաձայն որի «Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը գոյանում է տեղական հարկերի և վճարումների հաշվին, որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են սահմանել օրենքով նախատեսված շրջանակներում»։

ՀաՄաՏեղ ծրագրի համընկերությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» նախագծի վերը նշված դրույթը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային, ինչպես նաև նախագծում ավելացնել հյուրանոցային հարկի մասին դրույթը։