Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հակիրճ տեղեկատվություն համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ Հակիրճ տեղեկատվություն համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում ուսուցման ծրագրի իրականացման վերաբերյալ

Տեղական ինքնակառավարման համակարգի (ՏԻՀ) կարևոր բաղադրիչներից է բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը (ՏԻ), երբ բնակիչներին հնարավորություն է ընձեռնվում՝ ներազդելու իրենց բնակավայրի, համայնքի հանրային գործընթացների վրա, իրենց անմիջական ներդրումն ունենալու բնակավայրի, համայնքի կառավարման և զարգացման գործում, ինչպես նաև կրելու հանրային պատասխանատվություն այդ գործընթացների արդյունքների համար:

ՏԻ-անը բնակիչների մասնակցությունը հանդիսանում է ՏԻ կարևորագույն սկզբունքներից մեկը և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) գործունեության առանձին բնագավառներից մեկը։ Այն իր բավականին տպավորիչ արտացոլումն է գտել ՀՀ ՏԻ բնագավառի օրենսդրությունում, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրությունում, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (ՏԻԵԽ) լրացուցիչ արձանագրությունում (Ուտրեխտ, 2009, ՀՀ կողմից վավերացվել է 2013թ. հունիսին), «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։

«Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում ուսուցում» ծրագիրը ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ՄԶԳ) աջակցությամբ 6 կազմակերպությունների համընկերության («Համայնքների ֆինանսիստների միավորում» (ՀՖՄ) ՀԿ առաջնորդությամբ) կողմից իրականացվող «Հանրային Մասնակցություն Տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի իրականացման երկրորդ տարվա աշխատանքային պլանի կարևոր միջոցառումներից մեկն էր։

Ուսուցման ծրագրի նպատակն էր՝ կրթել, ուսուցանել և իրազեկել համայնքային տարբեր թիրախային խմբերին գործող ՀՀ օրենսդրական կարգավորումների մասին, ծանոթացնել մասնակցային այն մեխանիզմների ու ձևերի հետ, որոնք բնակիչներին հնարավորություն են տալիս գործնականում իրացնելու ՏԻ-անը մասնակցության իրենց իրավունքը։

Ուսուցման ծրագիրը պատշաճ մակարդակով և համակարգված իրականացնելու համար ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից նախօրոք մշակվել և ԱՄՆ ՄԶԳ հետ համաձայնեցվել է ուսուցման մեթոդաբանությունը, որի տրամաբանությանը, սահմանված մեթոդներին ու պլաններին էլ համահունչ իրականացվել են ուսուցման 3-օրյա սեմինարները ՀաՄաՏեղ-ի ծրագրային համայնքներում։

Ուսուցման սեմինարների հիմնական մասնակիցներն են եղել համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների (ԽՄ-ների) անդամները, համայնքի ավագանու անդամներ, համայնքի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատողներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի (ՔՀՄՀ-ի) ներկայացուցիչներ, ակտիվ բնակիչներ և շահագրգիռ այլ անձիք։

Ուսուցման սեմինարները ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից կազմակերպվել և իրականացվել են 2016թ. մարտ-հուլիս ժամանակահատվածում, ՀաՄաՏեղ-ի ծրագրային 31 համայնքների ներկայացուցիչների համար՝ թվով 18 սեմինար-դասընթացների միջոցով։ Դրանց անցկացման վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը ներկայացված է հավելված 1-ում։

Ուսուցման յուրաքանչյուր սեմինարը տևել է 3 օր՝ ընդհանուր 18 դասաժամաքանակով: Յուրաքանչյուր սեմինարի ընթացքում, մասնակիցներին ՏԻ բարեփոխումներին առնչվող թարմ տեղեկատվություն տալուն զուգահեռ, համատեղվել են դասախոսությունները (9 թեմաների տեսքով), գործնական աշխատանքները (3 թեմատիկ քննարկումների տեսքով) և մասնակցային բաց քննարկումները: Սեմինարի վերջին օրը մասնակիցներին ցուցադրվել է ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում նկարահանված 2 անիմացիոն ֆիլմեր («Մարդու տեղը» անվանումով), որոնցում մատչելի և հետաքրքրաշարժ կերպով ներկայացվում են ՏԻ համակարգը, նրա էությունը և ՏԻ-անը բնակիչների մասնակցության կարևորությունը և անհրաժեշտությունը։

Սեմինարի վերջում ուսուցման մասնակիցներին առաջարկվել է լրացնել Գիտելիքների գնահատման թեստ, որտեղ ներառվել են հարցեր ուսուցանված բոլոր թեմաներից: Սեմինարի մասնակիցները լրացրել են նաև Սեմինարի գնահատման հարցաթերթիկներ, որտեղ մասնակիցներին հնարավորություն է տրվել՝ գնահատելու սեմինարի կազմակերպական և ուսումնական մասերի մակարդակները, ուսուցանողների աշխատանքը, ուսուցումից իրենց ակնկալիքների և ստացած գիտելիքների հարաբերակցությունը, տրամադրված գիտելիքների նորություն լինելը, նյութի արդիականությունը, սեմինարի արդյունավետությունը և ուսուցման այլ որակական ցուցանիշներ:

Սեմինարին մասնակիցների հաճախելիության և ավարտական թեստի արդյունքների հիման վրա ընտրված մասնակիցներին շնորհվել են Սեմինարի ավարտական վկայականներ։

Ուսուցման սեմինարների ավարտից անմիջապես հետո ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից ուսումնասիրվել և վերլուծվել են մասնակիցների կողմից լրացված Սեմինարի գնահատման հարցաթերթիկները, արվել են մի շարք դիտարկումներ ու եզրակացություններ, որոնք հաշվի կառնվեն և կօգտագործվեն ՀաՄաՏեղ ծրագրի հետագա ուսուցման գործընթացներում՝ բարձրացնելու նմանատիպ սեմինարների նպատակայնությունը, հասցեականությունը և իրականացման արդյունավետությունը։

«Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում ուսուցում» ծրագրի իրականացման վերաբերյալ կազմվել և ԱՄՆ ՄԶԳ-ին է ներկայացվել Ամփոփիչ հաշվետվություն[1], որտեղ կարելի է գտնել մանրամասն տեղեկատվություն ուսուցման ծրագրի իրականացման վերջնական արդյունքների մասին։

ՀՖՄ փորձագիտական թիմ

__________________

[1] Այն տեղադրված է ՀՖՄ-ի պաշտոնական համացանցային կայքում՝ www.cfoa.am

Հավելված 1

Հակիրճ տեղեկատվություն

 ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում 2016թ. մարտ-հուլիս ընթացքում անցկացված ուսուցման սեմինարների վերաբերյալ

 

Հհ Անցկացման ամսաթիվը

(2016թ.)

Անցկացման վայրը
(համայնքը)
Մասնակից ծրագրային

համայնքները

Հրավիրված մասնակից-ների թիվը Փաստացի մասնակից-ների թիվը Վկայական ստացած մասնակից-ների թիվը
1. 16.03 – 18.03 ք. Վեդի 1.Վեդի ք.

2.Ոսկետափ գ.

21 23 20
2. 30.03 – 01.04 ք. Աշտարակ 3.Աշտարակ ք.

4.Օշական գ.

26 34 26
3. 13.04 – 15.04 գ. Փարաքար 5.Փարաքար գ. 23 27 25
4. 20.04 – 22.04 ք. Մեծամոր 6. Մեծամոր ք.

7.Մրգաշատ գ.

8.Սարդարապատ գ.

31 14 9
5. 03.05 – 05.05 ք. Եղվարդ 9.Եղվարդ ք.

10.Քասախ գ.

20 20 19
6. 11.05 – 13.05 ք. Ալավերդի 11.Ալավերդի ք.

12.Օձուն գ.

24 23 21
7. 25.05 – 27.05 ք. Գորիս 13.Գորիս ք. 26 24 16
8. 01.06 – 03.06 ք. Սպիտակ 14.Սպիտակ ք. 21 20 19
9. 07.06 – 09.06 գ. Ախուրյան 15.Ախուրյան գ.

16.Ազատան գ.

26 25 25
10. 08.06 – 10.06 ք. Արթիկ 17.Արթիկ ք.

18.Մարալիկ ք.

19 28 18
11. 21.06 – 23.06 ք. Բյուրեղավան 19.Բյուրեղավան ք.

20.Ջրվեժ գ.

25 23 19
12. 22.06 – 24.06 ք. Քաջարան 21.Քաջարան ք. 29 24 17
13. 29.06 – 01.07 ք. Մասիս 22.Մասիս ք.

23.Մխչյան գ.

31 27 21
14. 29.06 – 01.07 ք. Սիսիան 24.Սիսիան ք. 19 25 15
15. 11.07 – 13.07 ք. Եղեգնաձոր 25.Եղեգնաձոր ք. 21 21 19
16. 13.07 – 15.07 ք. Գավառ 26.Գավառ ք.

27.Վարդենիկ գ.

29 29 28
17. 20.07 – 22.07 ք. Գավառ 28.Նորատուս գ.

29.Սարուխան գ.

30.Կարմիրգյուղ գ.

20 20 17
18. 27.09 – 29.07 ք. Բերդ 31.Բերդ ք. 23 22 15
Ընդամենը 18 սեմինար 31 համայնք 434 429 349