Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Համայնքների ֆինանսիստների միավորման կանոնադրության փոփոխություն Համայնքների ֆինանսիստների միավորման կանոնադրության փոփոխություն

2016թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը անհրաժեշտություն առաջացրեց փոփոխել և լրամշակել «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն օրենքում տեղ գտած նոր ձևակերպումների և պահանջների։

Կազմակերպության կանոնադրության մեջ, մասնավորապես, փոփոխվել է «Ընդհանուր դրույթներ» բաժինը՝ Կազմակերպության կարգավիճակը համապատասխանեցվել է  Օրենքի սահմանմանը, նշվել են Կազմակերպության անգլերեն և ռուսերեն անունները, ինչպես նաև դրանց համարժեք հապավումները, սահմանվել է Համայնքների ֆինանսիստների միավորման պաշտոնական կայքէջը։

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները բաժնում հստակեցվել է կազմակերպության գործունեության առարկան,  ավելացվել և հստակեցվել են նպատակները՝ հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ը, որը հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Այս բաժնում ավելացվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների դիտարկման և մոնիտորինգի նպատակ և գործառույթ, որը հնարավորություն կստեղծի դիտորդություն իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում։

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար օրենքից բխող պահանջները արտացոլվել են նաև Կանոնադրության այլ բաժիններում՝ ըստ անհրաժեշտության։

«Կազմակերպության կազմակերպական կառուցվածքը և կառավարումը» բաժնում վերանայվել է Համաժողովի հերթական անցկացման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների ընտրության ժամանակահատվածը, որը սահմանվել է 3 տարի։ Համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 1-ին կետի, «1. Հերթական ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ»: 

Կանոնադրության մեջ ավելացվել է «Կազմակերպության շահառուները» բաժինը։ Ըստ Կանոնադրության, կազմակերպության շահառուներն են հանդիսանում՝

  • Համայնքային ծառայողները,
  • Քաղաքացիական ծառայողները,
  • Տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետները և մասնագետները,
  • Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները,
  • Տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և խմբերը,
  • Տեղական ինքնակառավարման ոլորտում քաղաքականություն իրականացնող պետական լիազոր մարմինը,
  • Համայնքների բնակիչները, տեղական ինքնակառավարման մարմինները, աշխատակազմերը։

Կազմակերպության կանոնադրության մեջ առանձին բաժին ավելացվել է կամավորների, նրանց իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ։ Բաժնում սահմանվել են՝ կամավորությունը, կամավորի հետ Կազմակերպության փոխհարաբերությունները, աշխատանքային պայմանները, նրանց փոխհատուցման և վարձատրության խնդիրները։

Կանոնադրության նշված փոփոխությունները կքննարկվեն Համայնքների ֆինանսիստների միավորման՝ 2017թ. հուլիսի 11-ին կայանալիք Համաժողովում։ Մանրամասն Կանոնադրության փոփոխություններին կարող եք ծանոթանալ www.cfoa.am կայքում տեղադրված  նախագծից։

Աբրահամ Արտաշեսյան

ՀՖՄ փոխնախագահ