Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Դասընթացներ 18 բազմաբնակավայր համայնքների ներկայացուցիչների համար Դասընթացներ 18 բազմաբնակավայր համայնքների ներկայացուցիչների համար

Համայնքներում պլանավորման գործընթացները բարելավելու նպատակով  Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) Հայաստանի 18 խոշորացված համայնքների աշխատակազմերի համար իրականացնում է «Համայնքի տարեկան աշխատանքային պլանների (ՏԱՊ-երի) մշակման» դասընթացներ: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ֆինանսական աջակցությամբ և միտված է ներդնել կառավարման որակապես նոր գործիքակազմ, ինչը կօգնի համայնքներին ոչ միայն նպատակային պլանավորել մեկ տարվա ընթացքում իրականացվելիք աշխատանքները, այլ նաև հստակ արտացոլել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի հետ դրանց  տրամաբանական կապը և կարողանալ գնահատել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին իրականցվել են չորս փնջային մեկօրյա դասընթացներ (Գյումրիում, Վայքում, Գորիսում և Դիլիջանում), որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՏԱՊ-ի էությունը և դրա կարևորությունը համայնքներում ներկայիս պլանավորման խնդիրների համատեքստում: Դասընթացների ավարտից հետո ՀՖՄ փորձագետները կշարունակեն աջակցել նոր ձևավորված 18 բազմաբնակավայր համայնքներին ՏԱՊ-երը կազմելու գործում, որոնք, նախքան համայնքի ավագանու կողմից հաստատվելը, կներկայացվեն համայնքների բնակչությանը՝ հանրային քննարկումների միջոցով:

Որպես համայնքային պլանավորման գործընթացի տրամաբանական շարունակություն, ՀՖՄ-ի հաջորդ նախաձեռնությունը խոշորացված համայնքներում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացն է, որի շրջանակներում իրականացվում են չորս փնջային երկօրյա դասընթացներ: ԳՄՀԸ աջակցությամբ իրականացվող այս ծրագրի արդյունքում խոշորացված 18 համայնքներն իրենց 2018թ. բյուջեն կկազմեն նաև ծրագրային ձևաչափով: Հոկտեմբերի 26-27-ին Վայքի, Ջերմուկի, Զառիթափի և Ուրցաձորի խոշորացված համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչների համար Վայքում կազմակերպված դասընթացին ԳՄՀԸ նախաձեռնությամբ մասնակցում էին նաև Վրաստանի ԳՄՀԸ և փորձագիտական թիմի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀՖՄ-ի փորձը արդյունքահեն և ծրագրային բյուջետավորման ներդրման գործում, ինչպես նաև՝ ծրագրային բյուջետավորման (ԾԲ) կառուցվածքը, կազմման մեթոդաբանությունը, ծրագրերի և միջոցառումների ձևակերպումների նրբությունները: Քննարկումը նաև հարևան երկրների փորձագետներին հնարավորություն ընձեռեց այս ոլորտում հաջողված փորձի փոխանակում իրականացնել:

Նոյեմբերին նախատեսվում է ծրագրային բյուջետավորման դասընթացներ կազմակերպել նաև Սյունիքի մարզի Գորիսի, Տաթևի, Գորայքի, Մեղրիի և Տեղի, Լոռու մարզի Թումանյանի և Տավուշի մարզի Այրում, Դիլիջան, Կողբ և Նոյեմբերյան բազմաբնակավայր համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչների համար:

Կարեն Հովհաննեսյան

ՀՖՄ փորձագետ