Համայնքների Ֆինանսիստների Միավորում
2018 թվականի տարեկան աշխատանքային պլանների հանրային քննարկումներ Սարապատ, Ամասիա և Աշոցք համայնքներում 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանների հանրային քննարկումներ Սարապատ, Ամասիա և Աշոցք համայնքներում

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ 2017թ. մայիսին մեկնարկած «18 բազմաբնակավայր համայնքների տարեկան աշխատանքային պլանների (ՏԱՊ) մշակում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 23-ին Շիրակի մարզի Սարապատ, Աշոցք և Ամասիա համայնքներում կազմակերպվեցին և անցկացվեցին 2018թ. տարեկան աշխատանքային պլանների հանրային քննարկումները:

Հանրային քննարկումներն աչքի ընկան բարձր արդյունավետությամբ թե՛ՏԻՄ-երի կողմից կազմակերպական և թե՛ բնակիչների մասնակցության առումներով:

Հետաքրքրական էր համայնքների աշխատակազմերի մոտեցումը հանրային միջոցառումներին. իրենց հնարավորությունների սահմաններում նրանք պատրաստել էին ցուցադրանյութեր և տպագրել բավարար քանակությամբ տեղեկատվական նյութեր, որոնք բաժանվեցին քննարկման մասնակիցներին։

Մասնակցայնության տեսանկյունից նույնպես նկատվում էր զգալի առաջընթաց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համայնքներում ՏԱՊ-երի հանրային քննարկումների կազմակերպումը և անցկացումը կարծես թե ավելի մատչելի և ընկալելի դարձրեց համայնքում 2018 թվականին նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները հատկապես բնակիչների համար, քանի որ ՏԱՊ-ն արտացոլում է նաև նախատեսվող ծրագրերի իրականացումից ակնկալվող վերջնական արդյունքները: Այսպիսով, ՏԱՊ-ը կարելի է դասել այն «գործիքների» շարքին, որոնք ավելի սերտ են դարձնում ՏԻՄ-բնակչություն կապը։

Հաշվի առնելով ՏԱՊ-ի նորարարությունը համայնքներում, բնակիչների կողմից առավել ակտիվ մասնակցություն կարելի է ակնկալել նաև հետագա տարիներին:

Հետաքրքիր էին նաև համայնքների ղեկավարների տեսակետները ՏԱՊ-ի վերաբերյալ: Այսպես. Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը հանրային քննարկման ժամանակ իր խոսքում նշեց, որ ՏԱՊ-ն իր տեսակով բավական մատչելի տեղեկատվություն է տրամադրում իր օգտատիրոջը՝ բնակչին, հասկանալու համար, թե որտեղ են օգտագործվում համայնքի բյուջեի միջոցները, որոնք ձևավորվում են իր «գրպանի» հաշվին, և ինչ արդյունքներ են սպասվում այդ միջոցների ծախսումներից:

Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանն իր գոհունակությունը հայտնեց՝ նշելով, որ ՏԱՊ-ի կազմման սկզբնական շրջանում խնդիրներ առաջացան աշխատակազմում, որի առանձին բաժինների աշխատակիցները պատրաստ չէին իրենց  ոլորտի համար լրացուցիչ աշխատանքներ կատարել: Ակնհայտ էր,  որ միայն ֆինանսական բաժինն էր տիրապետում այն ելակետային տվյալներին, որոնք անհրաժեշտ էին ՏԱՊ-ի կազմման աշխատանքներն իրականացնելու համար:

Այդուհանդերձ, աշխատակիցների չարչարանքներն արդարացված էին, իսկ բնակչությունը՝ ավելի տեղեկացված և գոհ։

Հետաքրքիր էին ՏԱՊ-ի վերաբերյալ պատկերացումներն Աշոցք համայնքում, որտեղ հանրային քննարկման ժամանակ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Աբրեյանը  համոզմունք հայտնեց, որ ՏԱՊ-ի շնորհիվ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը դառնում է ավելի իրատեսական, և հնարավորություն է ստեղծվում ավելի նպատակային ու արդյունքամետ բյուջե կազմելու և կատարելու։

Երեք համայնքներում էլ հանրային քննարկումները բավական ակտիվ էին, քանի որ քննարկումների ընթացքում գնալով մեծանում էր բնակիչների հետաքրքրությունը տվյալ տարվա համար պլանավորված ծրագրերի վերաբերյալ։ Երբեմն արվում էին հետաքրքիր առաջարկություններ պլանավորված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ, որոնք արդեն իսկ ՏԱՊ-երի նախագծերում փոփոխություններ և դրանց լրամշակման անհրաժեշտություն էին նախանշում։ 

Հասմիկ Գրիգորյան

ՀՖՄ փորձագետ