Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Բազմաբնակավայր 18 համայնքների 2018թ. ծրագրային բյուջեների հանրային քննարկումներ Բազմաբնակավայր 18 համայնքների 2018թ. ծրագրային բյուջեների հանրային քննարկումներ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից իրականացվող «Աջակցություն նոր ձևավորված 18 բազմաբնակավայր համայնքների 2018թ. ծրագրային բյուջեների (ԾԲ-ների) մշակմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանի 18 խոշորացված համայնքները բյուջետավորման գործընթացն սկսել են իրականացնել ծրագրային ձևաչափով: Նպատակն է բարձրացնել բյուջետային միջոցների կառավարման արդյունավետությունը, սահմանել հստակ նպատակներ, ծրագրեր և միջոցառումներ, որոնցից ակնկալվող արդյունքները գնահատվում են քանակական և որակական ցուցանիշներով:

ՀՀ Սյունիքի մարզի Գորայք, Մեղրի և Տեղ բազմաբնակավայր համայնքներն առաջիններն էին, որ համայնքի 2018թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը մշակեցին ծրագրային ձևաչափով և ներկայացրեցին հանրության քննարկմանը: Հանրային քննարկումներն առավել բովանդակալից կազմակերպելու նպատակով, համայնքների աշխատակազմերը նախապատրաստել և քննարկման մասնակիցներին էին տրամադրել ծրագրային բյուջեների հակիրճ տարբերակները, որտեղ համառոտ ներկայացված էին նախորդ տարիների համեմատական վերլուծությունները, նախատեսված ծրագրերը, միջոցառումները և դրանցից ակնկալվող արդյունքները:

Նոր ձևաչափով մշակված բյուջեների նախագծերի հանրային քննարկումները թե՛ բովանդակային և թե՛ մասնակիցների ակտիվության տեսանկյունից էապես տարբերվում էին ավանդական բյուջեների նախագծերի նմանատիպ քննարկումներից։ Վերոնշյալ բոլոր համայնքներում էլ քննարկման մասնակիցները ավելի վստահ ու շահագրգիռ հարցադրումներ էին անում նախագծերի հեղինակներին, քանի որ ներկայացվում էին ոչ միայն բյուջեների եկամտային և ծախսային ցուցանիշները, այլ նաև թե ինչ նպատակով և ինչ արդյունքների ակնկալմամբ են պլանավորված այդ ցուցանիշները:

Բոլոր երեք համայնքներում էլ բնակիչներին հուզող հիմնական հարցերը վերաբերում էին համայնքային ծառայությունների, մասնավորապես՝ աղբահանության և սանիտարական մաքրման, գիշերային լուսավորության, նախադպրոցական և արտադպրոցական կրթության և այլնի հետ կապված խնդիրներին: Համայնքների որոշ բնակավայրերի ներկայացուցիչները առավել հետաքրքրված էին իրենց բնակավայրերում ենթակառուցվածքների՝ լուսավորության, ճանապարհային տնտեսության, ջրամատակարարման համակարգերի պահպանման և ընդլայնման ծրագրերով:

Հանդիպումների մասնակիցների կողմից բարձրաձայնվեցին նաև մի շարք կոնկրետ առաջարկություններ, որոնք տեղական իշխանությունների կողմից անպայման կդիտարկվեն և բյուջետային հնարավորությունների սահմաններում կընդգրկվեն բյուջետային ծրագրերում ու միջոցառումներում, որոնց արդյունքում բյուջեների նախագծերի լրամշակված տարբերակները կներկայացվեն համայնքների ավագանիների քննարկմանը և հաստատմանը: