Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԿԱԻ նախարարն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ՏԿԱԻ նախարարն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Փետրվարի 16-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի սոցիալական ներդրումային հիմնադրամի III նախագծի (ASIF III) պատասխանատու թիմի ներկայացուցիչներին՝ Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին, իրականացման ավարտի հաշվետվության առաքելության աշխատանքային խմբի ղեկավար Ռիչարդ Ֆլորեսկուին, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադարամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանին և խորհրդատու Վահան Դանիելյանին:

Այցելության նպատակն էր ներկայացնել Հայաստանի սոցիալական ներդրումային հիմնադրամի III նախագծի ավարտական փուլն ու դրա արդյունքների կապակցությամբ պատրաստվող հաշվետվությունը: «ASIF III»-ի շրջանակներում սոցիալական ծրագրեր են իրականացվել համայնքներում ենթակառուցվածքային համակարգերի, ջրամատակարարման, քաղաքաշինության ոլորտում բարեփոխումներ անելու ուղղությամբ: Մասնավորապես՝ իրականացվել են դպրոցների, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների, մշակութային տների վերանորոգումներ, ինչպես նաև՝ փոքր մասշտաբի գազատարերի և ջրագծերի կառուցում:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Երիցյանը նշեց, որ որպես ԱԻ նախարար՝ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային մեծ փորձ ունի և վստահեցրեց, որ ՏԿԱԻ նախարարի պաշտոնում շարունակելու է արդյունավետ համագործակցել նաև տարածքային ոլորտում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին նշեց, որ արդեն 6 տարի է այցելում է Հայաստան և, հաշվի առնելով Հայաստանում իրականացվող ծրագրերի բարձր արդյունավետությունը, պլանավորում է ևս մի քանի ծրագրեր իրականացնել այստեղ: Համաշխարհային բանկի թիմը մտադիր է Հայաստանում ստեղծել տարածաշրջանային զարգացման ծրագիր, որը կունենա տարբեր ֆինանսական դոնորներ:

Իրականացման ավարտի հաշվետվության առաքելության աշխատանքային խմբի ղեկավար Ռիչարդ Ֆլորեսկուն նշեց, որ համանման ծրագիր իրականացվել է Ռումինիայում, Բոսնիայում և Հերցոգովինայում, ինչպես նաև՝ Վրաստանում: Բոլոր 3 երկրներում ծրագիրը դրական արդյունքներ է ունեցել՝ նշելով, որ ծրագրի գնահատումն իրականցնում է 3-րդ կողմը անկողմնակալ գնահատականի ապահովման նպատակով՝ Ռիչարդ Ֆլորեսկուն հույս հայտնեց, որ Հայաստանում ծրագրի արդյունքները նույնպես դրական կգնահատվեն:

Դատելով նախկինում իրականացված ծրագրերի արդյունքներից՝ նախարար Երիցյանը վստահություն հայտնեց, որ <>-ը նույնպես չի հիասթափեցնի իր արդյունքներով: Անդրադառնալով հետագայում համայնքներում իրականցվելիք ծրագրերին՝ նախարարը նշեց. <<Ես պարբերաբար այցելում եմ համայնքներ և կարող եմ ասել՝ 915 համայնք՝ 915 խնդիր, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր համայնքին պետք է անհատական մոտեցում լինի: Այս համատեքստում շատ կարևոր է համայնքների խոշորացման ծրագիրը, որը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել համայնքերի կառավարումն ու զարգացման ապահովումը>>:

Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին ՏԿԱԻ նախարարին խնդրեց աջակցել իրենց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վավերացման գործընթացին, ինչին ի պատասխան՝ նախարար Երիցյանը վստահեցրեց, որ նախարարությունը հնարավորինս կաջակցի թիմի աշխատանքների իրականացմանը: