Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Ընտրություններ են նշանակված թվով 33 համայնքներում Ընտրություններ են նշանակված թվով 33 համայնքներում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը հաղորդում է, որ 2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Բոլոր համայնքերում միասին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել 134 քաղաքացիներ, որոնցից 66-ը համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար, իսկ 68-ը` ավագանու անդամի: 2015թ. փետրվարի 18-ին լրանում էր թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել են, և որևէ գրանցում չի մերժվել: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն, եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած: Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` 2015 թվականի մարտի 15-ի Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ղեկավարի ընտրությունը համարվել է չկայացած, քանի որ գրանցվել է միայն մեկ թեկնածու: Նշված համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կնշանակվի նոր ընտրություն: