Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի առաջին հանդիպումը ՏԿԱԻ նախարարի հետ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի առաջին հանդիպումը ՏԿԱԻ նախարարի հետ

Փետրվարի 23-ին ՀՀ ՏԿԱԻՆ վարչական շենքում կայացավ նախարար Արմեն Երիցյանի և Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի առաջին հանդիպումը: ՏԿԱԻՆ-ը ԱՄՆ-ի դեսպանի այցելած առաջին նախարարություններից է: Դեսպանին ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության քաղաքական բաժնի մասնագետ Լիլիթ Օհանյանը և ԱՄՆ դեսպանության Միջռազմական ծրագրի համակարգող Անի Մելքումյանը:

Քանի որ դեսպանի այցը կրում էր ճանաչողական բնույթ, նախարար Երիցյանը հյուրին ներկայացրեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման և ՀՀ կառավարության սերվերային կենտրոնները: Դեսպանի այցը համընկավ «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում նախարարությունում կազմակերպված հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի պարապմունքների անցկացման հետ, Ռիչարդ Միլսն ու նախարար Երիցյանը զրուցեցին պարապմունքներին մասնակցող հաշմանդամ աշխատակիցների հետ:

Շնորհակալություն հայտնելով ՏԿԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Միլսը նշեց, որ իր գործընկեր՝ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնից շատ է լսել ՏԿԱԻՆ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության մասին: Դեսպանը տպավորված էր նախարարության ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածությամբ՝ նշելով, որ նման արդիական զինում շատ քիչ երկրներում է տեսել: Դեսպանը մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում փրկարարների վերապատրաստումը: Նախարար Երիցյանը նշեց, որ ՏԿԱԻՆ փրկարարները վերապատրաստվում են Շվեյցարական զարգացման ծրագրով, ինչի արդյունքում՝ հրշեջները դարձան հրշեջ-փրկարարներ, իսկ հրշեջ ծառայությունը լիովին վերազինվեց: Նախարարը խոսեց նաև կադրային վերապատրաստման գործընթացում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցության, ինչպես նաև՝ «Ինսարագ» միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին անդամակցելու հեռանկարի մասին:

Պատասխանելով դեսպանի հարցին, թե մասնավորապես որ աղետն է առավել անհանգստացնող Հայաստանի համար՝ նախարար Երիցյանը նշեց երկրաշարժը: «Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Արդեն գործում է Գառնու միջազգային սեյսմիկ կենտրոնը, որտեղ տեղադրված են աշխարհի եզակի դեֆորմոգրաֆներից մեկը և «IRIS» կայանը, որի միջոցով 12 000 կմ շառավղով հնարավոր է տեսնել 1-2 բալի տատանումները և երկրի կեղևի շարժը»,-հավելեց ՏԿԱԻ նախարարը:
Անդրադառնալով տարածքային կառավարման ոլորտին՝ նախարարը խոսեց 3 հիմնական ուղղության մասին. ապակենտրոնացում, համայնքների համաչափ զարգացում, համայնքների խոշորացում: «Այս տարի իրականացնելու ենք համայնքների խոշորացման 3 պիլոտային ծրագիր, որոնք իրականացվելու են Դիլիջանում՝ Տավուշի մարզ, Թումանյան համայնքում՝ Լոռու մարզ և Տաթևում՝ Սյունիքի մարզ: Պիլոտների հաջողությունը շատ կարևոր է, քանի որ 915 համայնք արդյունավետ կառավարելը շատ դժվար է»,-ասաց նախարար Երիցյանը: ՏԿԱԻ նախարարը շեշտեց նաև, որ ՀՀ նախագահի հանձնարարականով՝ բնակչության հետ բացատրական աշխատանքներ են տարվելու համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ, որպեսզի մարդիկ ավելի լավ պատկերացնեն, թե դա ինչ է և իրենք էլ ցանկանան այդ ծրագրի իրագործումը:

ԱՄ Ն դեսպանը նշեց, որ համայնքների խոշորացման ծրագիրն իսկապես ահռելի աշխատանք է պահանջում և, իր կարծիքով, բնակչության հետ աշխատելու ՀՀ նախագահի և նախարարի մոտեցումները շատ ճիշտ են և տեղին:

Հանդիպման ավարտին դեսպանը հույս հայտնեց, որ ՏԿԱԻՆ-ի և դեսպանության համագործակցությունը ոչ միայն կշարունակվի, այլև ավելի կընդլայնվի, քանի որ ԱՄՆ-ի զարգացման գործակալության իր գործընկերները հավաստիացրել են, որ ՏԿԱԻՆ-ը Հայաստանի՝ ռեսուրսներն ամենաարդյունավետ ձևով տնօրինող նախարարություններից է:

Նախարար Երիցյանը հավաստիացրեց, որ ՏԿԱԻՆ-ը բաց է ցանկացած համագործակցության համար: