Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Բյուրեղավանի Քաղաքապետարան Բյուրեղավանի Քաղաքապետարան

Հանրային լսումների մասին
Բյուրեղավանի արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Բյուրեղավանի քաղաքային համայնքի ղեկավարին կից <<Բյուրեղավան համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի>> նիստ` կապված հանրային լսումների հետ: Նիստին ներկա էին շուրջ 50 քաղաքացիներ, «Բյուրեղավան համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման մարմնի» անդամները, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, համայնքային կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, բազմաբնակարան շենքերի լիազորներ, քաղաքի խնդիրներով մտահոգ բնակիչներ: Նիստին մասնակցում էին Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Լաուրա Ալեքսանյանը,քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լիդիա Պողոսյանը: Հրավիրված էին համայնքների ֆինանսիստների միության <<ՀաՄաՏեղ>> ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանը և համայնքների ֆինանսիստների միության փորձագետ Քնարիկ Այվազովան: Նիստը վարում էր «Բյուրեղավան համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի» նախագահ Գրենա Զաքարյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լիդիա Պողոսյանը ներկայացրեց Բյուրեղավան քաղաքային համայնքի 2014 թվականի տարեկան բյուջեի հաշվետվությունն ըստ եկամտային և ծախսային մասերի: Դրանք կատարվել են. եկամտային մասով` 103,6%-ով, ծախսային գծով՝ 93,6 %-ով: <<Բյուրեղավան>> համատիրության նախագահ Արգամ Շառյանինը ներկայացրեց 2014 թվականի ապրիլից մինչև տարեվերջ կատարված ծախսերի և հավաքագրված գումարների մասին տեղեկատվությունը: Խոսվեց առաջիկայում աղբահանության աշխատանքներն իրականացնելու համար բնակիչների հետ պայմանագրեր կնքելու գործընթացի մասին: Օրակարգի հարցերն ավարտելուց հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը նշեց, որ արդեն երրորդ անգամ կազմակերպվում է հանրային լսումներ: Այս նիստին ևս հանրությանը ներկայացվեց բյուջեի հաշվետվությունը: Խոսեց 2015 թվականին նախատեսված աշխատանքների մասին, առանձնացնելով դրանք ըստ առաջնահերթությունների` մշակույթի տան վերանորոգումը, քաղաքի գլխավոր հատակագծի կազմումը, ճանապարհների կապիտալ վերանորոգումը, բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգման աշխատանքների ավարտը, քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները, մատաղ սերնդի կրթություն և այլն: <<ՀաՄաՏեղ>> ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանը նշեց, որ Բյուրեղավան քաղաքն այն եզակի քաղաքներից է, որտեղ բյուջեի ցուցանիշները դրական են: Թվերը պարզ են ու թափանցիկ և ողջունելի է բյուջեի կատարողականի վերաբերյալ թվական տվյալները, գովելի է բնակիչների ազատ ու անկաշկանդ մասնակցությունը հարցերի քննարկումների ժամանակ: