Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ  ԿԱՊԻՏԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ  ԿԱՊԻՏԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄ

Այս գրքույկը նվիրված է տեղական ինքնակառավարման կարևորագույն հարցերից մեկին` տեղական ինքնակառավարման միավորի (համայնքի) ռազմավարական պլանավորմանը և զարգացման ծրագրերի կազմմանը: Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում ռազմավարական պլանավորումը լայնորեն չի օգտագործվում, ինչը պայմանավորված է մի քանի պատճառներով: Դրանցից կարևորներն են` տեղական ինքնակառավարման ոլորտում տիրող իրավիճակը, համայնքների ֆինանսական ռեսուրսների (բյուջեների) խիստ սահմանափակ լինելը, մեթոդական բացը, մեծ թվով համայնքներում համապատասխան որակյալ կադրերի բացակայությունը և տեղական ինքնակառավարման մարմինների անտեղյակությունը ռազմավարական պլանավորման օգուտներից: Ի տարբերություն ռազմավարական պլանավորման, միջնաժամկետ զարգացման ծրագրեր կազմվում են Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում, քանի որ դա օրենքի պահանջ է: Մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելը (30.09.2008) համայնքների նորընտիր ավագանիները հաստատում էին իրենց համայնքների զարգացման եռամյա ծրագրերը, իսկ այդ փոփոխությունից հետո` քառամյա ծրագրերը: Սակայն շատ համայնքներում այդ ծրագրերի կազմմանը լուրջ ուշադրություն չի դարձվում : Դրանք հիմնականում կրում են ձևական բնույթ:
Այս գրքույկում հատկապես ընդգծված են համայնքի զարգացման ընդհանուր ծրագրի մասը կազմող` համայնքի կապիտալ ներդրումների ծրագրի մշակմանը վերաբերող հարցերը: Ներկայացված են նաև նման ծրագրեր մշակելու համար անհրաժեշտ մեթոդական նյութեր:
Հեղինակն այս նյութերը պատրաստել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից իրականացված «Համայնքի ֆինանսական կառավարման համակարգեր. գործառնական և կապիտալ պլանավորում և բյուջետավարում» ծրագրի (18.09.2006 – 31.03.2007) շրջանակներում, որը ֆինանսավորել է ԱՄՆ ՄԶ – ն (Տեղական ինքնակառավարման ծրագիր, 3- րդ փուլ` Ռիսըրչ թրայանգլ ինստիտուտի (RTI) իրականացմամբ): Այս նյութերը կազմակերպված թրենինգների միջոցով մատուցվել են Հայաստանի 38 քաղաքային համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև` նրանց մեթոդական օգնություն է ցուցաբերվել իրենց համայնքների կապիտալ զարգացման ծրագրերը մշակելիս:
Ներկայացված նյութերը խիստ արդիական են և կարող են օգտակար լինել Հայաստանի բոլոր համայնքներին: