Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2007 և 2008 թթ.) Գիրք 3 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2007 և 2008 թթ.) Գիրք 3

Այս գիրքը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման 2007 և 2008 թվականների բարեփոխումների գնահատմանը, որը կատարվել է ՀՖՄ-ի փորձագետների կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա: Բարեփոխումների գնահատման համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության ծրագրերով նախատեսված՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի վիճակը բնութագրող ցուցանիշները, ՏԻՄ-երի կատարած աշխատանքները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի ստանձնած՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող պարտավորությունների կատարումը:
ՀՖՄ-ն մասնակցում և հետևում է Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքին՝ այդ համակարգի ներդրման սկզբից` 1996 թվականից: Անցած տասներեք տարիների ընթացքում ՀՖՄ-ն հրատարակել է երկու գիրք, որոնցում տրվել են բարեփոխումների ընթացքի գնահատականը, ինչպես նաև՝ բարեփոխումների շարունակմանը վերաբերող բազմաթիվ առաջարկություններ:
Առաջին՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. Քաղաքականության տարբերակներ և ուղիներե (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) գիրքը հրատարակվել է 2004-ին: Այդ հրատարակությունում տեղ են գտել 1996-ից մինչև 2004 թվականը ընկած ժամանակահատվածին վերաբերող, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքը լուսաբանող հոդվածներ:
Երկրորդը՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004 – 2006 թթ.): Գիրք 2ե, (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ) վերնագրով հրատարակվել է 2008-ին: Այն վերաբերում է 2004-2006 թթ. տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատականին:
Սույն գիրքը Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների վերաբերյալ ՀՖՄ-ի երրորդ հրատարակությունն է: Այն ներկայացված է զեկույցների ձեւով: 2007 թվականից սկսած ՀՖՄ-ն տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատումը կատարում և հանրությանն է ներկայացնում հենց զեկույցներով: Դրանք կազմված են նույն ձևաչափով և պարունակում են բարեփոխումների գնահատականն՝ ըստ տեղական ինքնակառավարման առանձին բնագավառների` վարչատարածքային բաժանում և միջհամայնքային համագործակցություն, համայնքային սեփականություն, ‎ֆինանսներ, ՏԻՄ-երի ընտրություններ և գործունեություն, տեղական ժողովրդավարություն, վարչական կառուցվածքների և համայնքային ծառայությունների մատուցում:
Զեկույցներում լուսաբանվել են նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում առկա հիմնախնդիրները և արվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: