Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  (2004-2006 թթ.) ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  (2004-2006 թթ.)

Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը Հայաստանում սկսվել է 1996 թվականից: Անցած ավելի քան տասը տարիների ընթացքում շարունակվել են բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում: Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) ժամանակ առ ժամանակ համաժողովներ է կազմակերպում այդ բարեփոխումների ընթացքը լուսաբանելու, գնահատելու և համապատասխան առաջարկություններով հանդես գալու նպատակով: Նման կարգի առաջին լայնամասշտաբ համաժողովը կազմակերպվել և անց է կացվել 2004 թվականի հուլիսի 14-15-ին Երևանում: Այդ համաժողովի նյութերը հրատարակվել են ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. Քաղաքականության տարբերակներ և ուղիներ՚ ժողովածուի մեջ` 2004-ին (տնտ. գիտ. թեկնածու Դ. Ս. Թումանյանի խմբագրությամբ): Այդ հրատարակությունում տեղ են գտել տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքը լուսաբանող հոդվածներ` այդ համակարգի ներդրման օրվանից մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում, որոնք ներառում են նաև բարեփոխումների շարունակմանը վերաբերող բազմաթիվ առաջարկություններ:
Սույն ժողովածուն պարունակում է ելույթներ, որոնք կարդացվել են Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային ծառայության բարեփոխման նախաձեռնության` Բուդապեշտ (OSI-AF/LGI) օժանդակությամբ ՀՖՄ-ի կողմից կազմակերպված ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004-2006 թթ.)՚ թեմայով երկրորդ լայնամասշտաբ համաժողովում, որը տեղի է ունեցել 2007 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում: Դրանք ընդգրկում են տեղական ինքնա
կառավարման տարբեր կողմերը: Բոլոր ելույթները պատրաստվել են անկախ փորձագետների կողմից համապատասխան տեխնիկական առաջադրանքների հիման վրա` որպես ելակետ ընդունելով հետևյալ հիմնական պահանջները.
• ՀՀ տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրավական և փաստացի գնահատումը 2004-2006 թթ. ընկած ժամանակահատվածում,
• Բարեփոխումների դիտարկումը ըստ կենտրոնական կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակների պատասխանատու մարմիններին հատկացված դերերի,
• Բարեփոխումների համադրումը միջազգայնորեն ընդունված չափանիշների ու ցուցանիշների հետ,
• Բարեփոխումներին ուղղված առաջարկությունների կատարումը:
Ժողովածուի մեջ տեղ գտած ելույթները, ինչպես նաև համաժողովի ընթացքում հնչած ելույթներն ու քննարկումները հերթական անգամ ցույց են տալիս, որ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումները Հայաստանում կատարվում են համակարգային և համալիր մոտեցումների բացակայության պայմաններում: Նույնիսկ չեն կատարվում ՀՀ կառավարության այդ ոլորտին վերաբերող ոչ ամբողջական ռազմավարական ծրագրերը:
Տեղին է հերթական անգամ կրկնել մեր կողմից բազմիցս հնչեցրած այն միտքը, որ անհրաժեշտ է մշակել և հետևողականորեն իրականացնել ապակենտրոնացման կամ տեղական ինքնակառավարման զարգացման ռազմավարական ծրագիր` տեղական ինքնակառավարման խնդիրները դիտարկելով փոխադարձ կապի ու միասնական զարգացումների համատեքստում: Առանց նշված պայմանների տեղական ինքնակառավարման բարեփոխումները էական արդյունքներ չեն կարող ունենալ:
Վերը նշված համաժողովի կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև սույն ժողովածուի պատրաստումը կատարվել է ՀՖՄ-ի աշխատակազմի բոլոր անդամների ջանքերի շնորհիվ: