Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման կարևոր պայմաններից մեկը համայնքների ապահովվածությունն է համապատասխան ֆինանսական ռեսուրսներով:
Այս պարագայում առանձնահատուկ դերակատարություն ունեն պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները:
Ֆինանսական համահարթեցումը լայն կիրառություն է գտել բազմաթիվ երկրներում, սակայն դրա հաշվարկման յուրահատկությունները տարբեր երկրներում տարբեր են:
1998թ-ից սկսած Հայաստանի Հանրապետությունում գործում է ՙՖինանսական համահարթեցման մասին՚ ՀՀ օրենքը, որը սկզբում քիչ թե շատ համապատասխանում էր նորաստեղծ տեղական ինքնակառավարման համակարգի պահանջներին, սակայն զարգացումների ներկա փուլում այն լուրջ լրամշակման և վերափոխման կարիք ունի: Մասնավորապես, միայն համայնքների եկամտային ունակությունների վրա հիմնվելը և նրանց ծախսային յուրահատկությունների անտեսումը այդ օրենքի առանցքային թերություններից մեկն է:
Համայնքների ֆինանսիստների միավորումը ՀՖՄ, կարևորելով ֆինանսական համահարթեցման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, նախաձեռնեց ծրագրի մի առաջարկ, որի նպատակն էր մշակել ֆինանսական համահարթեցման նոր մոդել: Այս նախաձեռնությունը ստացավ ծրագրի տեսք Բուդապեշտի ՙՖիսկալ ապակենտրոնացման նախաձեռնության՚` (OSI/FDI) և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID/RSC/Budapest) օժանդակությամբ ֆինանսավորված դրամաշնորհի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում ձևավորվեց համակարգող խորհուրդ, որտեղ ներկայացված էին կենտրոնական կառավարության (ՀՀ Տարածքային կառավարման ու Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություններ), Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների (ՄԱԶԾ, Համաշխարհային անկ, Բաց հասարակության ինստիտուտ, ԱՄՆՄԶԳ և այլն) ինչպես նաև ՀՖՄ ներկայացուցիչներ:
Համակարգող խորհուրդը ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում գործուն մասնագիտական աջակցություն է ցուցաբերել, ինչը ծրագրի հաջող իրականացման հիմնական երաշխիքներից մեկն է:
Անհրաժեշտ է նշել, որ համահարթեցման նոր համակարգի մշակումը ենթադրում էր միջազգային փորձի հանգամանալից ուսումնասիրություն: Այդ իսկ պատճառով, որպես ծրագրի արտաքին փորձագետ, ընտրվել է հանրային ֆինանսների ոլորտի հայտնի կենտրոններից մեկի` Մոսկվայի ՙՖիսկալ քաղաքականության կենտրոնի՚ աշխատակից Օլգա Վորոնցովան, ում մասնագիտական խորհրդատվությունը այս ծրագրում խիստ գնահատելի է:
Ծրագրի շրջանակներում ձևավորված փորձագիտական խումբը ներկայացված էր հետևյալ մասնագետներով` Արտյուշա Մուրադյան, Մկրտիչ (Սոս) Գիմիշյան, Դավիթ Թումանյան, Էդգար Ղազարյան, Սեյրան Մարկոսյան, Ռոբերտ Ներսիսյան և Կարեն Հովհաննիսյան:
Աշխատանքները կատարվել են Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանի ընդհանուր ղեկավարությամբ:
Ծրագրի արդյունքում մշակվել են ֆինանսական համահարթեցման մեթոդաբանությունը և ՀՀ Ֆինանսական համահարթեցման մասին նոր օրենքի նախագիծը:
Ըստ տարբեր աղբյուրներից ստացված գնահատականների, ՀՖՄ-ի կողմից մշակված Ֆինանսական համահարթեցման մոդելը առաջավոր միջազգային փորձի և Հայաստանի առանձնահատկությունների ներդաշնակ համաձուլում է: