Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ՋԵՌՆԱՐԿ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ՋԵՌՆԱՐԿ

“Տեղական ինքնակառավարման համակարգում ըստ աշխատանքների կատարման բյուջետավարման” ուսումնական ձեռնարկը արդյունք է Միավորված ազգերի Զարգացման ծրագրի օժանդակությամբ և “Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում” նախաձեռնության շրջանակներում կատարված ծավալուն և հանգամանալի աշխատանքի:
“Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում” ծրագիրը սկսվել է 2005 թվականին և մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-եր) շրջանում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել երկրում ապակենտրոնացման հետագա գործընթացներին, հզորացնել ՏԻՄ-երի կարողությունները և օժանդակել հաշվետու և չափելի հանրային ծախսերի կառավարմանը: Այն աջակցում է համայնքային մակարդակում ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում ձևաչափի ներդրմանը, որի համակարգված կիրառումը նորություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար:
“Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարումը տեղական ինքնակառավարման համակարգում” ուսումնական ձեռնարկը բացառիկ է իր բնույթով և այժմեական՝ հանրությանը ներկայացման պահի առումով, քանի որ տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացումների և բարեփոխումների ընթացքը և միտումները հանգեցնում են ըստ արդյունքների բյուջետավարման ընդունման անհրաժեշտությանը:
Այս ձեռնարկում ամփոփված են փորձնական քաղաքներում իրականացված ուսուցումների, խորհրդատվական հանդիպումների, միասնական սեմինարների ընթացքում կուտակված փորձը, ինչպես նաև ոլորտի տեղական փորձագետների գիտելիքները և փորձառությունը: Ուսումնական ձեռնարկը ամենայն մանրամասնությամբ նկարագրում է տեղական մակարդակում իրականացվող աշխատանքի արդյունքներն արտահայտող բյուջետավարման սկզբունքները, շրջանակը, բյուջետավարման գործընթացի փուլերը, ինչպես նաև բյուջեի պլանավորումը, կատարումը և վերահսկումը: Այն ներկայացնում է փորձնական համայնքների բյուջեներից վերցված օրինակներ և մեջբերումներ է անում համապատասխան օրենքներից և իրավական փաստաթղթերից:
“Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում” ծրագրի հիմնական գործընկերը Համայնքների ֆինանսիստների միավորումն է: Այս կազմակերպության փորձագետները մեծապես նպաստել են ծրագրի իրականացմանը և ուսումնական ձեռնարկի ստեղծմանը: Համայնքներում աշխատելու ընթացքում նրանց ձեռք բերած փորձը, ինչպես նաև բյուջետավարման ոլորտի խոր գիտելիքները նպաստել են ծրագրի նկատմամբ վստահության մեծացմանը ընտրված համայնքներում: