Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1991 թվականին անկախությունը վերանվաճաց Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ լայնամասշտաբ բարեփոխումների իրականացմանը, քաղաքական և տնտեսական նոր համակարգերի ստեղծմանը: Այդ գործընթացներում կարևոր և առանձնահատուկ տեղ է հատկացվում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորմանը, որը ժողովրդավարական հասարակության ստեղծման կարևոր պայմաններից է: Պետական կառավարման ապակենտրոնացման արդյունքում է ձևավորվում տեղական ինքնակառավարման համակարգը, հստակեցվում երկրի հանրային կառավարման համակարգը, վարչատարածքային բաժանումը, լիազորությունների բաշխումն ու փոխհարաբերությունները կառավարման տարբեր մակարդակների միջև և այլն: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ բարեփոխումների ընդհանուր համատեքստում ապակենտրոնացման բուն գործընթացն սկսվեց բավականին ուշ` 1995 թվականին Սահմանադրության ընդունումից հետո, որը հիմնականում պայմանավորված էր օբյեկտիվ պատճառներով` ղարաբաղյան պատերազմ, շրջափակում, տնտեսական ձևավորված կապերի խզում, էներգետիկ ճգնաժամ, անցումային շրջանի դժվարություններ:
Ապակենտրոնացման գործընթացը Հայաստանում կարելի է բաժանել երեք փուլի.
1995-1996 թվականներ – Սահմանադրական, օրենսդրական, ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ, հանրային կառավարման նոր համակարգի ձևավորում,
1997-2001 թվականներ – օրենսդրական դաշտի ընդլայնում, տեղական ինքնակառավարման համակարգի կայացում,
2002 թվական – տեղական ինքնակառավարման հիմքերի ամրապնդում, ՏԻՄ-երին նոր լիազորությունների տրամադրում:
Ապակենտրոնացման առաջին փուլում Սահմանադրության և օրենսդրության հիման վրա կատարվեցին ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ, ձևավորվեց հանրային կառավարման նոր համակարգը, տեղական ինքնակառավարումն առանձնացվեց պետական (կենտրոնական) կառավարումից, առաջին անգամ տեղի ունեցավ ՏԻՄ-երի ընտրություններ և սկսվեց նոր տեղական ինքնակառավարման համակարգի ինքնահաստատման գործընթացը:
Երկրորդ փուլը բնութագրվում է տեղական ինքնակառավարման կայացմամբ: Այս փուլում ՏԻՄ-երն սկսեցին գործունեության փաստացի ծավալումը, դրա համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակումն ու կիրառումը, ընդունվեցին մի շարք օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր, որոնք որոշ չափով լրացրեցին օրենսդրական բացը, ի հայտ եկան տեղական ինքնակառավարման կիրարկման առաջին դժվարություններն ու հիմնախնդիրները:
Երրորդ փուլի սկիզբը կապված է ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ նոր օրենքի ընդունման հետ (2002 թվականի մայիսի 7), որով ընդլայնվեց ու ամրապնդվեց համայնքային սեփականությունը, հստակեցվեց կենտրոնական իշխանությունների ու ՏԻՄ-երի փոխհարաբերությունները, ՏԻՄ-երին փոխանցվեցին նոր լիազորություններ:
Տեղական ինքնակառավարման համակարգի փաստացի ձևավորման սկիզբը դրվեց 1996 թվականին, երբ նոյեմբերի 10-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) առաջին ընտրությունները և ընտրված համայնքների ղեկավարներն ու ավագանիների անդամները ձեռնամուխ եղան օրենքով իրենց վերապահված լիազորությունների կատարմանը: Մոտ տաս տարվա գոյության ընթացքում տեղական ինքնակառավարման ոլորտում առկա են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ կուտակվել են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք արգելակում են դրա արագ տեմպերով զարգացումը:
Այս գրքում ներկայացված է Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ընդհանուր բնութագիրը, տրված է նրա առանձին բնագավառների զարգացումները, վեր են հանված հիմնախնդիրները և արված են առաջարկություններ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և հետագա զարգացման համար: