Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ  ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Քաղաքականության առաջարկներ և ուսումնական նյութեր ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ  ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Քաղաքականության առաջարկներ և ուսումնական նյութեր

Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման կարևոր պայմաններից մեկը համայնքների բյուջեներում կապիտալ ծախսերի կատարման համար անհրաժեշտ դրամական միջոցների կուտակումն ու նպատակային օգտագործումն է: Բազմաթիվ երկրներում համայնքային կապիտալ ծախսերի կատարման կարևորագույն աղբյուր է համարվում տվյալ երկրի պետական բյուջեն: Եթե նկատի ունենանք, որ Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը դեռևս թույլ է, ապա հատկապես Հայաստանի համար խիստ կարևորվում է համայնքներում արտաքին ներդրումների հարցը: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է պահանջում պետական բյուջեից համայնքների բյուջեներին կապիտալ տրանսֆերտների տրամադրման կարգի ուսումնասիրությունը և դրա հստակեցման ու բարելավման ուղղությամբ անհրաժեշտ առաջարկությունների մշակումը:
ՙՀամայնք՚ հանրային կառավարման ինստիտուտն ուսումնասիրել է պետական բյուջեից համայնքների բյուջեներին կապիտալ տրանսֆերտների տրամադրման առկա վիճակը Հայաստանում, մշակել է դրա տրամադրման կարգի հայեցակարգային դրույթները, ինչպես նաև ուսումնական նյութերը, որոնք նախատեսված են` գիտելիքներ ու հմտություններ փոխանցել տեղական ինքնակառավարման համակարգում աշխատողներին: Դրանց հիմքում դրվել են տեղական ժողովրդավարության ամրապնդման սկզբունքները, համայնքների կարողությունների հզորացման պահանջները, ինչպես նաև տարբեր երկրներում կիրառվող առաջավոր փորձը:
Ներկայումս կապիտալ տրանսֆերտների ինստիտուտի զարգացումը ոչ միայն կարևոր է զուտ այդ բնագավառի համար, այլ այն ուղղակիորեն առնչվում է նաև համայնքային ծառայողների կարողությունների ամրապնդման, որոշումների կայացման գործում թափանցիկության ու հրապարակայնության ապահովման, պետական կառույցների հանդեպ վստահության մեծացման հարցերին:
Գիրքը բաղկացած է երկու բաժնից: Առաջին բաժինը կապիտալ տրանսֆերտներին նվիրված հետազոտություն է և քաղաքականության առաջարկներ, իսկ երկրորդը` ուսումնական նյութեր: Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը վերաբերող ցանկացած հարց ուղղակիորեն առնչվում է այնտեղ աշխատողների կարողությունների հետ: Առանց դրանց ամրապնդման ու հզորացման անհնար է առաջընթացի ապահովումը: Այդ է պատճառը, որ քաղաքականության առաջարկները զուգակցված են ուսումնական նյութերով, որոնց ուսուցումը հնարավորություն կտա կյանքի կոչել առաջարկվող քաղաքականությունը: Հետազոտության կատարման գործում մեծ ավանդ են ներդրել փորձագետներ Արթուր Դրամփյանը և Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը, իսկ ուսումնական նյութերը պատրաստելիս` Արթուր Դրամփյանը և Արթուր Այվազովը: Աշխատանքները ղեկավարել և գիրքը խմբագրել է ՙՀամայնք՚ ՀԿԻ տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը: