Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ

Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում գործում է 1996 թվականից: Ցավոք, սակայն, համակարգի հիմքերը դրվել են առանց տեղական ինքնակառավարման հայեցակարգի եւ ապակենտրոնացման ռազմավարության: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման զարգացումն այլեւս անհնար է առանց հիշյալ փաստաթղթերի մշակման, ընդունման եւ հետեւողական կենսագործման: Բարեփոխումների քայլերի հաջորդականության բացակայությունը հիմնախնդիրներ է առաջացնում այս կամ այն անհրաժեշտ փոփոխությունը կատարելիս: Դրա հետեւանքով բարեփոխումները դանդաղում են, իսկ համակարգը չի զարգանում:Համայնքների ֆինանսիստների միավորումը մշակել է Հայաստանի Հանրապետության Տեղական ինքնակառավարման հայեցակարգը, Ապակենտրոնացման ռազմավարությունը, Տեղական ինքնակառավարման սահմանադրական բարեփոխումները եւ Տեղական ինքնակառավարման օրենսդրական փոփոխությունները, որոնք ներկայացված են որպես մեկ ամբողջական փաթեթ: Դրանց հիմքում դրվել են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջները, ինչպես նաեւ հեղինակների (որոնք տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվում են դրա հիմնադրման ժամանակից), երկար տարիների ընթացքում ձեւավորված տեսակետները: Շատ հարցերի վերաբերյալ կան տեսակետներ, որոնք տեղ են գտել նաեւ ՙԵվրոպայի Խորհրդի Տարածքային եւ տեղական իշխանությունների կոնգրեսի 2003- ի Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում՚ զեկույցում (CPL (10) 8, 31/10/03) : Դրանց վերաբերյալ նյութերում չկան առանձին նշումներ: Այս փաստաթղթերի հեղինակներն այդ տեսակետներին հանգել են իրենց ուսումնասիրությունների ու դիտարկումների արդյունքում: Վերը նշված չորս փաստաթղթերից երեքը պահանջում են սահմանադրական փոփոխություններ, իսկ օրենքների համապատասխանեցումը տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի պահանջներին, փոփոխությունները մշակվել են գործող Սահմանադրության շրջանակներում: Համապատասխան օրենքներում փոփոխությունները հնարավոր է կատարել նույնիսկ գործող Սահմանադրության պայմաններում: Այդ է պատճառը, որ այդ օրենքների փոփոխություններն ամբողջովին հաշվի չեն առնում Տեղական ինքնակառավարման հայեցակարգի ու Ապակենտրոնացման ռազմավարության դրույթները ( օր. միջհամայնքային միավորման ղեկավարի ու խորհրդի, Երեւանի քաղաքապետի ու խորհրդի ուղղակի ընտրությունները ) : Շատ կարեւոր է, որ տեղական ինքնակառավարման հայեցակարգը եւ ապակենտրոնացման ռազմավարությունը մշակվեն բոլոր շահառուների` կենտրոնական ( պետական ) կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ( հանձնաժողովներ, միություններ, եւ այլն ) մասնակցությամբ եւ ընդունվեն նրանց փոխհամաձայնությամբ` ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Ամեն տարի կառավարությունը հաշվետվությամբ պետք է հանդես գա Ազգային Ժողովում` ներկայացնելով ապակենտրոնացման ռազմավարության իրականացման ընթացքը: