Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

2002-ից 2004 թվականը Համաշխարհային բանկի ինստիտուտի (ՀԲԻ), Տեղական ինքնակառավարման եւ պետական ծառայության բարեփոխումների նախաձեռնության (ՏԻՆ) եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԿԶԾ) համատեղ նախաձեռնությամբ եւ օժանդակությամբ իրականացվեց ՙՏեղական ինքնակառավարման մարմինների հարկաբյուջետային կարողությունների ամրապնդում. քաղաքականության մշակում՚ ծրագիրը` Հարավային Կովկասի երկրների համար: Այդ ծրագիրն արդյունք էր 2002 թվականի մայիսի 14-15-ը Վրաստանի Բակուրիանի քաղաքում կայացած ՙԱպակենտրոնացումը Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում՚ տարածաշրջանային ֆորումի, որին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, փորձագետներ եւ 15-ական ներկայացուցիչներ Հարավային Կովկասի երեք հանրապետություններից: Ֆորումի ավարտից հետո կազմակերպիչները որոշեցին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել Հարավային Կովկասի երկրների կառավարման տարբեր մակարդակների պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ փորձագետների միջեւ` փորձի փոխանակման, կարեւոր հիմնախնդիրների համատեղ քննարկման, քաղաքականությունների մշակման նպատակով: Յուրաքանչյուր երկիր ներկայացված էր իր թիմով, որի կազմում սկզբում ընդգրկված էին 8-ական ներկայացուցիչներ. հետագայում նրանց թիվը հասցվեց տասի:
Ծրագրի շրջանակներում երեք ազգային թիմերը երկու տարվա ընթացքում պատրաստեցին տեղական ինքնակառավարման ոլորտում տվյալ երկրում առկա երեք հիմնական հիմնախնդիրների լուծմանը վերաբերող աշխատանքներ, որոնք ներկայացվում եւ քննարկվում էին հերթական հանդիպումների ընթացքում: Յուրաքանչյուր թիմի հետ աշխատում էր Եվրոպական երկրից հրավիրված մեկական խորհրդատու: Վերջիններս, իրենց հերթին, պատրաստում էին տվյալ թեմայով երեք երկրների համեմատական վերլուծությունները:
Ազգային թիմերը հանդիպեցին չորս անգամ.
2003 թ. հունվարի 19 – 24-ը` Թուրքիայի Անթալիա քաղաքում
2003 թ. սեպտեմբերի 8 -11-ը` Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում
2004 թ. մարտի 31-ից ապրիլի 3-ը` Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում
2004 թ. սեպտեմբերի 15-ից 18-ը` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:
Ծրագրին հաջողությամբ մասնակցեց Հայաստանի թիմը, որի պատրաստած երեք աշխատանքները տեղ են գտել այս ժողովածուում: Հայաստանի թիմի խորհրդատուն էր Չեխիայի վարչապետի գրասենյակի տնտեսական եւ սոցիալական ռազմավարության խորհրդի քարտուղարության տնօրեն Վերա Կամենիցկովան: Հայաստանի թիմի հանդիպումներին նախապատրաստական աշխատանքները կազմակերպում եւ նրան ուղեկցում էր ՄԱԿԶԾ-ի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը:
Հայաստանի տեղական ինքնակառավարումը համակարգային եւ համալիր բարեփոխումների կարիք ունի: Հայաստանի թիմի այս ժողովածուում տեղ գտած նյութերը օգտակար կլինեն նաեւ այդ բարեփոխումները նախաձեռնողների եւ իրականացնողների համար: