Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ . Քաղաքականության տարբերակներ եւ ուղիներ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ . Քաղաքականության տարբերակներ եւ ուղիներ

Վերջին տարիներին հետաքրքրությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ բավականին մեծացել է: Դա պայմանավորված է այդ ոլորտի կարեւորությամբ ու Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններով, ինչպես նաեւ այդ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, անկախ փորձագետների ու միջազգային կազմակերպությունների ակտիվ աշխատանքով: Արտահայտվում են տարբեր տեսակետներ ապակենտրոնացման գործընթացի շարունակման եւ բարեփոխումների ու տեղական ինքնակառավարման հետագա զարգացումների վերաբերյալ, կազմակերպվում են կոնֆերանսներ տեղական ինքնակառավարման այս կամ այն հարցի շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով:
Սույն ժողովածուն պարունակում է հոդվածներ, որոնք զեկուցվել են ՙԱպակենտրոնացումը եւ տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում՚ թեմայով ազգային կոնֆերանսում, որը տեղի է ունեցել 2004 թվականի հուլիսի 14-15-ին Երևանում: Կոնֆերանսի նպատակն էր լայն քննարկումներ կազմակերպել Հայաստանի տեղական ինքնակառավարման հիմնախնդիրների շուրջ, լսել տարբեր կարծիքներ եւ նախանշել հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Այն կազմակերպել էր Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) Ֆիսկալ ապակենտրոնացման նախաձեռնության օժանդակությամբ: Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, պետական կառավարման համակարգի պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ տեղի ու արտերկրի փորձագետներ: Կոնֆերանսի աշխատանքները կազմակերպվել էին պլենար նիստերով եւ աշխատանքային խմբերով: Ձեւավորվել էին երեք աշխատանքային խմբեր` քաղաքական ապակենտրոնացում, ֆիսկալ ապակենտրոնացում, համայնքային ծառայությունների մատուցում եւ կարողությունների ձեւավորում:
Պլենար նիստերում ներկայացվեցին հայեցակարգային եւ միջազգային փորձը լուսաբանող զեկուցումներ, իսկ աշխատանքային խմբերում քննարկվեցին կոնկրետ հարցեր, վեր հանվեցին տեղական ինքնակառավարման համակարգում առկա հիմնախնդիրները, արվեցին առաջարկություններ դրանց լուծման եւ նոր զարգացումներ ապահովելու ուղղությամբ: Վերջին պլենար նիստին աշխատանքային խմբերի համակարգողները ներկայացրին աշխատանքային խմբերում քննարկումների արդյունքները:
ժողովածուի մեջ տեղ են գտել Հայաստանի պետական պաշտոնյաների եւ անկախ փորձագետների կողմից պատրաստված տասնմեկ հոդվածները, ինչպես նաեւ կոնֆերանսի ընթացքում հնչած ելույթների ու քննարկումների ամփոփումն ու եզրահանգումները: Դրանց ուսումնասիրությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել փոխադարձ կապի ու միասնական զարգացումների համատեքստում:
Ներկայումս Հայաստանի տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընդլայնումն ու նոր քաղաքականության մշակումն օրակարգի հարց է: Սույն ժողովածուն պարունակում է կարեւոր հարցադրումներ ու դրանց իրականացման ուղիները եւ կարող է օգտակար լինել համապատասխան որոշումներ ընդունողների համար: