Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ցանկացած պետության վարչատարածքային բաժանումն այն հիմքն է, որի վրա կառուցվում է հանրային կառավարման, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման համակարգը: Վարչատարածքային բաժանման վրա ազդում են պատմական, աշխարհագրական, ժողովրդագրական, ազգային, բնակլիմայական, սոցիալ-տնտեսական և այլ գործոններ: ՀՀ ներկա վարչատարածքային բաժանումը ձևավորվել է 1995թ. ընդունված Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հիման վրա: Վարչատարածքային միավորներ են դարձել մարզերը և համայնքները: Մարզերում իրականացվում է պետական (կենտրոնական) կառավարում, իսկ համայնքներում` տեղական ինքնակառավարում: Ներկայումս ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և գտնվում է ամրապնդման փուլում:
Անցած տարիների փորձը ցույց տվեց, որ տեղական ինքնակառավարման զարգացման համար անհրաժեշտ է կատարել որոշակի համակարգային փոփոխություններ: Մասնավորապես պարզ դարձավ, որ վարչատարածքային առկա բաժանումը թուլ չի տալիս տեղական ինքնակառավարման ծավալմանը և խոչընդոտում է դրա հետագա առաջընթացին: Իհարկե, միայն օպտիմալ վարչատարածքային բաժանում կատարելը բավարար չէ տեղական ինքնակառավարման լիարժեք զարգացման համար, սակայն անհրաժեշտ պայմաններից մեկն է, և մյուս պայմանների կատարման հետ մեկտեղ կապահովի այդ զարգացումը:
Վերը նշվածն այն ելակետային դրույթը կամ հիմնախնդիրն է, որի հիման վրա շարադրվել է այս աշխատանքը: Աշխատանքում ներկայացված է ՀՀ վարչատարածքային առկա բաժանումը, տրված է դրա ուժեղ և թույլ կողմերը, կապը հանրային կառավարման համակարգի հետ, շրջանառության մեջ եղած վարչատարածքային բաժանման առաջարկները և դրանց գնահատումը, վարչատարածքային նոր բաժանման անհրաժեշտությունն ու նախադրյալները, նոր մոդելի նկարագիրը: