Համայնքների Ֆինանսիստների Միավորում

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
(2009 և 2010թթ.) Գիրք 4

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ.
Ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Գրքերի շնորհանդես Երևանում

2011թ. հուլիսի 13-ին «Երևան Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2009 և 2010թ.). Գիրք 4», «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. Ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը» և «Համայնքի բյուջետավարման ուղեցույց» գրքերի շնորհանդեսը, որին հրավիրված էին ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, փորձագետներ, տեղական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ :

ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ ՀՖՄ — ն շարունակելու է ակտիվորեն մասնակցել ՏԻ համակարգի բարեփոխումների գործընթացին և շարունակելու է հրատարակել այնպիսի գրքեր, որոնք կարտացոլեն բարեփոխումների ընթացքը և ուղենիշ կհանդիսանան դրանց համար, ինչպես նաև այնպիսինները, որոնք լինելով մեթոդական ձեռնարկներ կարող են օգտակար լինել և ՏԻ համակարգի մասնագետների, և ուսանողների, և փորձագետների համար:

Առաջին գիրքը (ֆինանսավորել է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային ծառայության բարեփոխման նախաձեռնությունը) ներկայացրեց հրատարակության խմբագիր Դավիթ Թումանյանը: Նա ընդգծեց այդ գրքի կարևորությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումների պլանավորման և փաստացի իրականացման տեսանկյունից և հույս հայտնեց, որ այնտեղ արձանագրված հիմնախնդիրներն ու առաջարկված լուծումները պատշաճ ուշադրության կարժանանան համապատասխան մարմինների կողմից:

Երկրորդ ձեռնարկը (ֆինանսավորել է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Տեղական ինքնակառավարման և հանրային ծառայության բարեփոխման նախաձեռնությունը) ներկայացրեցին հեղինակներ Դավիթ Թումանյանը և Վահրամ Շահբազյանը: Նրանք նշեցին կատարված աշխատանքի կարևորությունը տեղական ինքնակառավարման զարգացման արդի փուլում:

Երրորդ գիրքը (ֆինասավորել է ԱՄՆԶԾ Տեղական ինքնակառավարման ծրագիր. Փուլ 3) ներկայացրեց այն լրամշակող Վահրամ Շահբազյանը: Նա նշեց, որ սույն հրատարակությունը 2004թ.-ին ՀՖՄ-ի հրատարակած (հեղինակ` Ա. Մուրադյան), նույն վերնագրով ուղեցույցի լրամշակված տարբերակն է և նվիրված է ՀՖՄ պատվավոր անդամ Արտյուշա Մուրադյանի հիշատակին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհավորեց հեղինակներին և կազմակերպությանը այս հրատարակությունների առիթով` ընդգծելով դրանց կարևորությունն ու օգտակարությունը: Հեղինակներին և փորձագիտական խմբի անդամներին շնորհավորեցին նաև Արթուր Դրամփյանը, Էդգար Ղազարյանը, Էդուարդ Օրդյանը, Խաչատուր Բեզիրջյանը: