Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

2005 թ. սեպտեմբերի 21-24-ը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, “Մարիոթ” հյուրանոցի մեծ դահլիճում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի “Ֆիսկալ Ապակենտրոնացման Նախաձեռնություն” (FDI/CEE) կազմակերպության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ միջազգային սիմպոզիում` նվիրված Կովկասյան երկրների տեղական ինքնակառավարման ասոցիացիաների զարգացմանը: Հանդիպմանը մասնակցելու էին հրավիրված Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև` Լատվիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Բուլղարիայի տեղական ինքնակառավարման ասոցիացիաների պատասխանատուներ, միջազգային փորձագետներ, Համաշխարհային Բանկի և այլ դոնոր կազմակերպությունների աշխատակիցներ: Հայաստանից սիմպոզիումին մասնակցում էին ՀՀ տեղական ինքնակառավարման դաշտում գործող երեք կազմակերպություններ` Համայնքների ֆինանսիստների միավորումը, Հայաստանի ավագանիների միությունը և Հայաստանի Համայնքների միությունը:

Միջազգային սիմպոզիումը բացեց և վերջինիս նախաձեռնման անհրաժեշտությունն ու նպատակները ներկայացրեց Բաց Հասարակության Ինստիտուտի Տեղական ինքնակառավարման և հանրային ծառայության բարեփոխման նախաձեռնության/Բուդապեշտ/ (OSI/LGI) կազմակերպության ծրարգրեի ղեկավար Իրինա Ֆայոնը: Ներկաներին ողջունեց ու արդյունավետ աշխատանք մաղթեց Վրաստանի պառլամենտի ապակենտրոնացման մշտական հանձնաժողովի նախագահ Վանո Խուխունայիշվիլին:

Բուլղարիայի “Թրակիա” տարածաշրջանային տեղական ինքնակառավարման միավորման նախագահ Իվան Վարլյակովը, Լիտվայի տեղական ինքնակառավարման միավորման նախկին նախագահ , Լիտվայի նախագահի խորհրդական Սիգիտաս Սիուպսինկասը, Լատվիայի տեղական և տարածքային ինքնակառավարման միավորման գլխավոր խորհրդական Մարիս Պուկիսը ներկայացրեցին իրենց երկրներում տեղական ինքնակառավարման ասոցիացիաների առաքելությունը, դերը, տեղական ինքնակառավարման ասոցիացիաներ – կառավարություն փոխհարաբերությունները, առկա հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Սիմպոզիումի գլխավոր նպատակներից մեկը` Կովկասում տեղական ինքնակառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար նախադրյալների ստեղծումն էր: Սիմպոզիումի ավարտին մասնակիցները հնարավրություն ունեցան լինել Վրաստանի մի քանի քաղաքներում և տեղում ծանոթանալ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին:

Սիմպոզիումի աշխատանքին աջակցել ու համաֆինանսավորել էին USAID, OSI/LGI, UNDP, WBI կազմակերպությունները: