Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Համայնքների ֆինանսիստների միավորումը ԱՄՆ-ի եւ Կանադայի կառավարման տարբեր մակարդակների ֆինանսիստների ասոցիացիայի (ԿՖԱ) անդամ Համայնքների ֆինանսիստների միավորումը ԱՄՆ-ի եւ Կանադայի կառավարման տարբեր մակարդակների ֆինանսիստների ասոցիացիայի (ԿՖԱ) անդամ

Իր ստեղծման օրվանից Համայնքների ֆինանսիստների միավորումը կապեր է ստեղծել տարբեր երկրների բազմաթիվ կազմակերպությունների հետ: Վերջերս ՀՖՄ-ն դարձավ ԿՖԱ-ի անդամ: Դա միջազգային համագործակցության զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում:
Իսկ ինչ է իրենից ներկայացնում ԿՖԱ-ն եւ ինչ կտա անդամակցությունը ՀՖՄ-ին:
ԿՖԱ-ն մասնագիտական ասոցիացիա է, որը միավորում է ԱՄՆ-ի եւ Կանադայի նահանգների (պրովինցիաների) եւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսիստներին: Այն ստեղծվել է 1906-ին եւ ունի ավելի քան 15000 անդամ:
ԿՖԱ-ի առաքելությունն է նպաստել կառավարման տարբեր օղակներում պրոֆեսիոնալ կառավարման մակարդակի բարձրացմանը` ի նպաստ հասարակության բարեկեցության: Նա իրականացնում է իր առաքելությունն առկա ֆինանսական քաղաքականությունների ու փորձերի ուսումնասիրությամբ եւ զարգացմամբ` հետամուտ լինելով դրանց ներդնումը կրթության, ուսուցման եւ առաջնորդման միջոցով:
ԿՖԱ-ի ղեկավար մարմինը նրա անդամների կողմից ընտրված 18 հոգիանոց գործադիր վարչությունն է, որը մշակում է ասոցիացիայի քաղաքականությունը եւ ուղղությունները: Այն ընդունվում է ասոցիացիայի ակտիվ անդամների կողմից յուրաքանչյուր տարի անցկացվող կոնֆերանսում: Ընդունված քաղաքականությունն իրականացվում է գործադիր տնօրենի կողմից: ԿՖԱ-ի գործադիր տնօրենն է Ջեֆրի Լ. Իսսերը:
ԿՖԱ-ն ունի 6 մշտական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 25 անդամ: Այդ հանձնաժողովներն են.
1.Հաշվապահության, աուդիտի եւ ֆինանսական հաշվետվության:
2.Կանադայի հարցերով:
3.Դրամական միջոցների կառավարման:
4.Բյուջետավարման եւ կառավարման:
5.Պարտքի եւ ֆինանսական քաղաքականության:
6.Կենսաթոշակների եւ նպաստների:
ԿՖԱ-ն ունի ռազմավարության 7 հիմնական ուղղություն եւ դրանց համապատասխան նպատակներ ու խնդիրներ:
Ռազմավարություն 1: Հատուկ նագիտական գիտելիքներ:
Մասնագիտական գիտելիքները ճանաչել որպես հիմնական աղբյուր, որոնց միջոցով կարելի է լուծել կառավարման տարբեր մակարդակներում ի հայտ եկող ֆինանսական հիմնահարցերը:
Ռազմավարություն 2: Կրթություն եւ ուսուցում:
Բարձրացնել ֆինանսիստների եւ ֆինանսական քաղաքականություն մշակողների պրոֆեսիոնալիզմը եւ միջոցներ ապահովել դրան հասնելու համար:
Ռազմավարություն 3: Քաղաքականություն եւ փորձ:
Խթանել եւ զարգացնել կառավարման տարբեր մակարդակներում ճանաչված ֆինանսական քաղաքականությունները եւ առաջավոր փորձերը:
Ռազմավարություն 4: Ֆինանսական կառավարում:
Աջակցել ֆինանսիստներին օգտագործելու իրենց վերլուծական գիտելիքները եւ մեթոդները, որպեսզի ֆինանսական տեղեկատվությունն արդյունավետ օգտագործվի քաղաքականություն մշակողների կողմից կառավարման տարբեր մակարդակներում որոշումներ ընդունելիս:
Ռազմավարություն 5: Մասնակցության եւ համագործակցության բարձրացում:
Համագործակցություն ծավալել ԱՄՆ-ի, Կանադայի եւ միջազգային կազմակերպությունների հետ ԿՖԱ-ի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար: Խրախուսել ակտիվ անդամների լայն մասնակցությունն այլ կազմակերպությունների աշխատանքներին:
Ռազմավարություն 6: Տեխնոլոգիա:
Խորհրդատվություն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:
Ռազմավարություն 7: Կազմակերպական ենթակառուցվածք:
ԿՖԱ-ի ֆինանսական հիմքերի ամրապնդում, բարձր որակավորում ունեցող աշխատակազմի պահպանում, համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովում:
ԿՖԱ-ի անդամ կարող են լինել նրանք, ովքեր առնչվում են աշխատում, սովորում կամ հետաքրքրված են հանրային կառավարման տարբեր մակարդակների ֆինանսների կառավարման հարցերին: Անդամության տեսակներն են.
Ակտիվ կամ ձայնի իրավունք ունեցող անդամներ,
Ձայնի իրավունք չունեցող անդամներ`
ա) ասոցիացված(պետական ֆինանսներով հետաքրքրվողներ, որոնք աշխատում են մասնավոր հատվածում),
բ) կայուն ասոցիացված(ասոցիացված անդամներ, որոնք լրացուցիչ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ԿՖԱ-ին),
գ) կրթական(ուսանողներ),
դ) ոչ ակտիվ (կենսաթոշակի անցած նախկին ակտիվ անդամներ):
ԿՖԱ–ի անդամներին արտոնություններ են տրվում տարբեր ծրագրերից եւ ծառայություններից օգտվելու համար, որոնք նպաստում են նրանց պրոֆեսիոնալ հմտությունների արմապնդմանը եւ զարգացմանը: Դրանցից են հրատարակությունները, պարբերականները, ուսուցումը, ֆինանսական համակարգչային ծրագրերը, խորհրդատվությունը, տարեկան կոնֆերանսները եւ այլն:
ԿՖԱ-ի ֆինանսական միջոցների ձեւավորման հիմնական աղբյուրներն են անդամավճարները, գույքի վաճառքից ստացվող միջոցները, գրանցման վճարները, բանկային տոկոսավճարները, պայմանագրերից ստացվող գումարները, հետազոտական վճարները: ԿՖԱ-ի 2003թ. բյուջեն եկամուտների գծով կազմում է 12.054 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ծախսերի գծով` 11.685 մլն. ԱՄՆ դոլար:
ԿՖԱ-ին անդամակցությունը հնարավորություն է տալու ՀՖՄ-ին ստանալու պարբերականներ, գրականություն, նրա անդամները կարող են մասնակցել կոնֆերանսների, սեմինարների, ուսումնական դասընթացների եւ այլն: Բացի դրանից լայն հնարավորություններ են բացվում մասնակցել առանձին ծրագրերի իրականացմանը եւ ձեռնարկել համատեղ ծրագրեր:
ՀՖՄ-ն ԿՖԱ–ում ներկայացված է 2 ակտիվ անդամով` ձայնի իրավունքով: Նրանք են ՀՖՄ-ի նախագահ Վ. Մովսիսյանը եւ փոխնախագահ Դ. Թումանյանը: Նրանք USAID-ի ֆինանսավորմամբ եւ AED-ի աջակցությամբ մասնակցելու են 2003 թ. մայիսի 18-21-ը Նյու Յորքում կայանալիք ԿՖԱ-ի 97-րդ տարեկան կոնֆերանսին:
Կոնֆերանսն անց է կացվելու աշխատանքային խմբերով, մասնակցելու են մոտ 5000 անդամներ: Նախատեսվում է հանդիպումներ ԿՖԱ-ի ղեկավարության, հանձնաժողովների անդամների հետ:

Մարտ 2003