Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի եւ Սորոսի հիմնադրամի համատեղ կազմակերպված ՙՄիջբյուջետային հարաբերությունները եւ ֆինանսական կառավարումը տեղական մակարդակում՚ թեմայով տարածաշրջանային սեմինար:
Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող փորձագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պետական եւ համայնքային պաշտոնյաներ:
Սեմինարը անցկացրեցին եվրոպական եւ ԱՄՆ-ի տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող միջազգային փորձագետներ, որոնք ներկայացրեցին տեղական ֆինանսների կառավարման ուղղությամբ գոյություն ունեցող միջազգային փորձը եւ մեր տարածաշրջանում ցանկալի ապակենտրոնացման ռազմավարությունը:
Նշված սեմինարը ոչ միայն օգնեց մասնակիցներին կատարելագործել իրենց մասնագիտական ունակությունները, այլ նաեւ ծանոթանալ հարեւան պետություններում տեղական ինքնակառավարման եւ մասնավորապես դրանց ֆինանսական կառավարման իրավիճակին եւ առանձնահատկություններին:
Սեմինարի հայկական կողմի պատվիրակներն ակտիվորեն մասնակցեցին թեմատիկ քննարկումներին եւ օբյեկտիվորեն կարողացան ներկայացնել Հայաստանում այդ ոլորտում տիրող իրավիճակը, որը սեմինարի մյուս մասնակիցների կողմից ընդունվեց որպես տարածաշրջանում հետաքրքրություն ներկայացնող առաջավոր փորձ:
Սեմինարին մասնակցությունը մեծ վստահություն ներշնչեց տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանի որդեգրած քաղաքականության ճշտության մեջ, որը հիմք է հանդիսանում հետագա առավել ակտիվ ապակենտրոնացուն իրականացնելու համար:
Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էին համայնքի ղեկավարներ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության (ՖԷՆ) աշխատակիցներ, ՖԷՆ-ի գանձապատական բաժանմունքի եւ ԱԺ վերահսկիչ պալատի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ: Հայաստանն այդ սեմինարին ներկայացնում էր նաեւ Համայնքների ֆինանսիստների միավորումը:

Ապրիլ 2003