Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2010 թ. փետրվարի 11

2010 թ. փետրվարի 11-ին, ՙԳոլդեն Թուլիփ Երևան՚ հյուրանոցում տեղի ունեցավ Համայնքների ֆինանսիստների միավորման ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի իրականացման չորրորդ տարվա ամփոփիչ շնորհանդեսը, որին հրավիրված էին մասնակցելու ՀՀ Տարածքային կառավարման նախարարության, հասարակական, դոնոր և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՖՄ վարչության և համայնքների ղեկավարներ:
Բացելով շնորհանդեսը և ողջունելով հավաքվածներին, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը նշեց, որ չորս տարի առաջ` 2005 թվականին էր, որ մեր կազմակերպությունը ՙՏեղական Ինքնակառավարման Տեղեկատվական Ցանց-LOGIN՚ ծրագիրը Հայաստանում իրականացնելու իրավունք ստացավ և դարձավ ցանցում ընդգրկված 15 կազմակերպություններից առայժմ միակ ազգային գործընկերը Հարավկովկասյան տարածաշրջանում:
Ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը և ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը համառոտ ամփոփեցին ծրագիրը, ներկայացրին ձեռք բերված արդյունքները և անցած չորս տարիների ընթացքում Լոգին-ի թիմի կողմից կատարված մեծածավալ աշխատանքները, որի արդյունքում վիրտուալ գրադարանում տեղադրվել է ավելի քան 950 փաստաթուղթ` հետազոտական նյութեր, հոդվածներ, գրքեր, համայնքների բյուջեներ ու զարգացման ծրագրեր և այլն, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ելույթ ունեցողները մեծ գոհունակություն հայտնեցին և կարևորեցին ծրագրի նշանակությունը տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացման համար, նշելով, որ Լոգին-ի գրադարանից օգտվում են թե° տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատողները և թե° այդ ոլորտով հետաքրքրվողները` դասախոսներ, ուսանողներ և այլն:
Շնորհանդեսի վերջում խոսվեց հետագա անելիքների մասին: Այս տարվա փետրվարի 15-ից ծրագիրն անցնելու է ինքնաֆինանսավորման, և շատ կարևոր է, որ ստեղծված են բոլոր նախապայմանները ծրագրի հետագա անխափան իրականացման համար: Լոգին ծրագիրը շարունակվելու է և հետևելու է իր հիմնական նպատակին, այն է` տեղեկատվական շտեմարանում և վեբ կայքում տեղական ինքնակառավարման վերաբերյալ նյութերի զետեղման միջոցով տեղական ինքնակառավարման մասին տեղեկատվության տարածումը համայնքներում և միջհամայնքային կապերի ստեղծումը` տեղեկատվության և կապերի ստեղծման համար:

Քրիստինե Ատոմյան