Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Եղեգնաձորում

2010 թ. փետրվարի 4

2010 թվականի փետրվարի 4-ին, Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը ՙLOGIN ՀԱՅԱՍՏԱՆ՚ ծրագրի շրջանակներում կազմակերպել էին սեմինար` նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգին և դրա զարգացման ուղիներին: Այդ կապակցությամբ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ էին այցելել Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, փոխնախագահ Դավիթ Թումանյանը, փորձագետ Նվեր Գևորգյանը և ՙLOGIN ՀԱՅԱՍՏԱՆ՚ ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը: Սեմինարին մասնակցում էին ոչ միայն ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներ և դասախոսներ, այլև ներկայացուցիչներ ՀՀ Վայոց ձորի մարզային և Վայքի երիտասարդական կենտրոններից:
Սեմինարի բացման խոսքում հանդես եկան ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, փոխնախագահ Դավիթ Թումանյանը և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Է.Ղազարյանը:
Սեմինարի ընթացքում ելույթով հանդես եկավ ՙLOGIN ՀԱՅԱՍՏԱՆ՚ ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը, որը մանրամասն ներկայացրեց ՙLOGIN ՀԱՅԱՍՏԱՆ՚ ծրագիրը, LOGIN տեղեկատվական համակարգը, դրանում արտացոլված տեղեկատվությունը և համակարգում տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող հարուստ էլեկտրոնային գրադարանից օգտվելու կարգն ու տեխնիկական պայմանները: Օգտագործելով առկա տեխնիկական հնարավորությունները, Ա.Արտաշեսյանն իր ելույթի ընթացքում On-line ռեժիմով բացատրում էր ինտերնետում համակարգից օգտվելու հնարավորությունները:
ՙՀայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը՚ թեմայով ընդարձակ ելույթով հանդես եկավ ՀՖՄ փոխնախագահ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Թումանյանը, որը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը, դրա դերը հանրային կառավարման համակարգում: Անդրադարձ կատարվեց տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին, համակարգում առկա խնդիրներին: Առանձին անդրադարձ կատարվեց Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիային` ընդգծելով դրա դերը ՀՀ տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրության մեջ:
Ընդմիջումից հետո ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրեց Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղիները` հիմնական շեշտը դնելով վերջին շրջանում մեծ արդիականություն ունեցող համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակցության խնդիրներին: Առանձնակի անդրադարձ կատարվեց շրջանառության մեջ գտնվող ՙՏեղական հարկերի մասին՚ և ՙՖինանսական համահարթեցման մասին՚ ՀՀ օրենքների նախագծերին: Բոլոր թեմաներով դասախոսություններն ընթանում էին ակտիվ հարցուպատասխանի ռեժիմում: Բանախոսները մեծ պատրաստակամությամբ պատասխանում էին մասնակիցների կողմից հնչող բոլոր հարցերին, մեկնաբանություններ տալիս հնչող կարծիքների և տեսակետների կապակցությամբ:
Սեմինարի ավարտին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Է.Ղազարյանն ամփոփեց սեմինարի արդյունքները և շնորհակալություն հայտնեց ՀՖՄ ներկայացուցիչների հետաքրքիր և օգտակար դասախոսությունների, իսկ մասնակիցներին` ակտիվ մասնակցության համար:
Կարևոր էր նաև, որ սեմինարի մասնակիցները ստացան ոչ միայն նոր գիտելիքներ, այլև հարուստ գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր: Մասնավորապես, ՀՖՄ կողմից նախապես մասնակիցների համար պատրաստված փաթեթներում զետեղված էին ՀՖՄ մասին պատմող տեղեկատվական թերթիկներ, LOGIN շտեմարանը` սկավառակի տեսքով, Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը, ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007 և 2008թթ.)՚ գիրքը, ինչպես նաև ՙՀԱՄԱՅՆՔ՚ թերթի վերջին երեք օրինակները:

Էդգար Ղազարյան
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն