Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Գրքի շնորհանդես Երևանում

2009 թ. դեկտեմբերի 28

2009թ. դեկտեմբերի 28-ին ՙԵրևան Գոլդեն Թուլիփ՚ հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի ունեցավ ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007 և 2008թթ.) Գիրք 3՚, Դ. Թումանյանի խմբ., Երևան 2009, գրքի շնորհանդեսը, որին հրավիրված էին ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, տեղական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007 և 2008թթ.)՚ գիրքը ներկայացված է զեկույցների ձևով, որոնցում արտացոլված են ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի 2007 և 2008 թթ. բարեփոխումների ընթացքն ու գնահատումը: Այն պատրաստվել է Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագետների կողմից և ողջ աշխատակազմի անմիջական մասնակցությամբ:
Ներկաներին ողջունեց և գրքի հեղինակներին շնորհակալական խոսք ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա շատ կարևորեց այսպիսի գրքերի հրատարակումը, առաջինը նշելով հատկապես միասնական մեթոդաբանության մշակումը, ինչը թույլ է տալիս հետամուտ լինել տարեցտարի կատարվող բարեփոխումների ընթացքին: Նա նկատեց նաև, որ նման հրատարակումները շատ են օգնում միջազգային կառույցների հետ համագործակցությանը` նրանց ցուցադրելով մեր իրականությունն ու զարգացման տեմպերը:
Գրքի համահեղինակ և խմբագիր Դավիթ Թումանյանը իր խոսքում նշեց, որ սույն հրատարակումը ՀՖՄ-ի երրորդ գիրքն է` ՀՀ Տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին նվիրված շարքից, և որ առաջին անգամ բարեփոխումները ներկայացված է տարեկան զեկույցների տեսքով: Նա շեշտեց, որ գրքերի այս շարքով ՀՖՄ-ն փաստորեն մասնագետների և ընթերցողների դատին է հանձնում ոչ միայն տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքն ու գնահատականը, այլև Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի պատմությունը: Նա նաև կարևորեց գրքի օգտակարությունը տեղական ինքնակառավարման ոլորտի պատասխանատու մարմինների և պաշտոնյաների համար:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը հույս հայտնեց, որ ՀՖՄ-ն շարունակելու է հետևել և ակտիվորեն մասնակցելու է տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին` նրանում հնարավորինս ներգրավելով ավելի լայն և մեծ շրջանակներ: Վերջում նա ավելացրեց, որ ՀՖՄ-ն սույն հրատարակությունը կտրամադրի ԱԺ խմբակցություններին, շահագրգիռ նախարարություններին, տեղական և միջազգային կազմակերպություններին: