Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Վանաձորում

2009թ. նոյեմբերի 26

2009 թ. նոյեմբերի 26-ին ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի շրջանակներում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կազմակերպվել էր հերթական սեմինարը: Հիշեցնենք, որ LOGIN ծրագիրը հանդիսանում է համագործակցային ծրագիր Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ 15 երկրների միջև: Ծրագիրը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի Տեղական ինքնակառավարման և հանրային բարեփոխումների նախաձեռնության կողմից (LGI/OSI):
Կազմակերպված սեմինարին ներկա էին ավագանու անդամներ Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներից, Գուգարք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, ուսանողներ, լրագրողներ: Սեմինարի ընթացքում, օրակարգի համաձայն ներկայացվեցին չորս թեմաներ:
Առաջինը ներկայացվեց ՙLOGIN-Հայաստան՚ ծրագիրը: Այնուհետ, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը և փոխնախագահ Դավիթ Թումանյանը ներկայացրին ՙՀամայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հիմքերը Հայաստանում՚ թեման: Սեմինարի ներկայացված երրորդ թեման ՙՖինանսական համահարթեցման մասին և տեղական հարկերի մասին օրինագծերն՚ էին: Վերջինը ներկայացվեց ՙՀամայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման կարգերի օրենսդրական ապահովումը՚ թեման: Հարկ է նշել, որ սեմինարի ընթացքում ներկայացված բոլոր օրենսդրական նախագծերը, և հայեցակարգերը մշակվել են Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագետների կողմից:
Սեմինարի վերջում մասնակիցներն առաջարկեցին այդպիսի աշխատանքային հանդիպումներ հաճախակի կազմակերպել, որտեղ մասնակիցները կներկայացնեն բարեփոխումներին ուղղված իրենց առաջարկությունները` սեմինարին բաժանված նյութերը մանրամասն ուսումնասիրելուց հետո: