Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Գյումրիում

2009թ. հոկտեմբերի 14

Ս/թ հոկտեմբերի 14-ին Գյումրի քաղաքում, լրագրողների ՙԱսպարեզ՚ ակումբի դահլիճում, տեղի ունեցավ ՙLOGIN–Հայաստան՚ ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինար` ՙՏեղական իշխանության և համայնքի բնակչության դերն ու մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը՚ թեմայով: Սեմինարին մասնակցում էին Գյումրու ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Սեմինարի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
* LOGIN – Հայաստան ծրագրի ներկայացում,
* Ավագանին որպես տեղական իշխանություն և տեղական ինքնակառավարման մարմին,
* Բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը,
* Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հիմքերը Հայաստանում:
Առաջինը ներկայացվեց ՙՀամայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հիմքերը Հայաստանում՚ հարցը: Լսարանին առավել հետաքրքրական էր համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ստեղծման գաղափարը: Բուռն քննարկումներ ծավալվեցին հենց այս երկու հարցերի շուրջ: Ներկայացվեցին նաև ՙՖինանսական համահարթեցման մասին՚ նոր օրինագիծը և ՙՏեղական հարկերի մասին՚ օրենքի նախագիծը, որոնք մշակվել են Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագետների կողմից:
Օրակարգի հաջորդ հարցերը ներկայացվեցին նախատեսված հերթականությամբ: Նախ հակիրճ ներկայացվեց ՙLOGIN-Հայաստան՚ ծրագիրը, որը հանդիսանում է Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ 15 երկրների միջև համագործակցության ծրագիր և որը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի Տեղական ինքնակառավարման և հանրային բարեփոխումների նախաձեռնության (LGI/OSI) կողմից:
Հաջորդը ներկայացվեց ՙԱվագանին որպես տեղական իշխանություն և տեղական ինքնակառավարման մարմին՚ հարցը: Մասնավորապես ներկայացվեց ավագանու դերը տեղական ինքնակառավարման համակարգում, նրա կարևորությունը տեղական ինքնակառավարման կայացման և զարգացման գործում: Նշվեցին այն հնարավոր ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլինի ամրապնդել ավագանու ինստիտուտը Հայաստանում:
Վերջինը ՙԲնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը՚ հարցն էր, որի շրջանակներում խոսվեց ինչպես համայնքի բնակչության, այնպես էլ բնակչության ակտիվ խմբերի, տեղական հասարակական կազմակերպությունների և մամուլի տեղական ինքնակառավարմանը մասնակցության մասին: