Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2006թ. օգոստոսի 3-5

ԱՌԱՋԻՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ՙԲնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը՚

Այս տարվա ապրիլից Համայնքների Ֆինանսիստների Միավորումը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ, իրականացնում է ՙՔաղաքացիական նախաձեռնություն՚ ծրագիրը, որի նպատակն է` հանրային մասնակցության կարողությունների զարգացման միջոցով, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում նպաստել ժողովրդավարության կայացմանը:
Ծրագրի առաջին փուլում ծրագրում ընդգրված մարզերի հինգ քաղաքային համայնքներում անցկացվեցին ներածական սեմինարներ, ձևավորվեցին քաղաքացիական ակտիվ խմբեր, որոնց անդամների ունակություններն ու կարողություները զարգացնելու համար, արդեն Երևանում, ծրագրի երկրորդ փուլում նախատեսված է եռօրյա խորացված դասընթացներ:
Օգոստոսի սկզբին, Երևանի ՙԹերջան՚ հյուրանոցում, Բերդի և Սիսիանի տարածաշրջանների քսան մասնակիցների համար մեկնարկեց առաջին եռօրյա սեմինար-դասընթացը: Ունկընդիրները քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչներն էին և համայնքի ղեկավարները: Սեմինար-դասընթացի կազմակերպչական աշխատանքներին աջակցել էին նաև ՙԲերդի համայնքների միությունը՚ և ՙԱկցիա սովի դեմ՚ միջազգային կազմակերպությունը:
Սեմինարի առաջին օրը, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը և ծրագրի ղեկավար Արթուր Այվազովը ողջունեցին մասնակիցներին և ներկայացրին եռօրյա սեմինար-դասընթացի օրակարգն ու վարման ընթացակարգը: Սեմինարի մասնակիցների համար պատրաստվել էր մեթոդական նյութերի փաթեթ, ուր տեղ էին գտել ՀՖՄ մշակված ՙՀամայնքի սոցիալ-տնտեսական զարգացման եռամյա ծրագիր՚, ՙՀամայնքների բյուջեների հանրային լսումներ՚ նյութերը, ինչպես նաև ՙՀամայնքի Բյուջետավարման ուղեցույց՚ գիրքը:

Սեմինարում տեղ էին գտել հետևյալ թեմաները, համապատասխան դասախոսների ներկայացմամբ`

1. Տեղական ինքնակառավարման հիմնական հայեցակարգերը:
2. ՀՀ Տեղական ինքնակառավարման իրավական հիմքը (ՀՀ Սահմանադրություն, ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքը):
Դասախոս`
Մկրտիչ (Սոս) Գիմիշյան

3. Ծրագրի հասկացությունը,
4. Զարգացման եռամյա ծրագիր:
Դասախոս`
Խաչատուր Թումանյան

5. Բյուջեի կազմում:
6. Բյուջեի քննարկում և հաստատում:
7. Հանրային լսումների կազմակերպում:
8. Բյուջեի կատարում:
9. Բյուջեի հրապարակում և վերահսկում:
Դասախոս`
Նոռա Ղուկասյան

10. Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները. Հասարակական վերահսկողության գործընթացը:
Դասախոս`
Էդգար Ղազարյան

11.Իրավիճակի վերլուծություն:
12. Ռազմավարական հիմնահարցերի մշակում, նպատակների պարզաբանում:
13.Առաջնահերթությունների որոշումը:
14.Ծախսերի և պլանավորվող եկամուտների համապատասխանեցում, տարեկան խնդիրներ:

Դասախոս`
Վահան Մովսիսյան

Առաջին եռօրյա սեմինար-դասընթացի ընթացքում ունկնդիրներին ներկայացվեց տասնչորս թեմա` հատուկ շեշտադրում ունենալով մասնակցային գործնթացի վրա: Որպես սեմինար-դասընթացի ամփոփում, մասնակիցներին տրվեցին Վկայագրեր: