Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Աշտարակում

2006թ. հուլիսի 8

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Համայնքների Ֆինանսիստների Միավորումը, Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ, այս տարվա ապրիլից իրականացնում է ՙՔաղաքացիական նախաձեռնություն՚ ծրագիրը, որի նպատակն է Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում նպաստել ժողովրդավարության կայացմանը` հանրային մասնակցության կարողությունների զարգացման միջոցով:

ԱՇՏԱՐԱԿ
Այս ծրագրի շրջանակներում հուլիսի 8-ին Աշտարակում տեղի ունեցավ ուսուցողական երրորդ սեմինարը, որին մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներ:
Սեմինարի կազմակերպման ընթացքում Համայնքների ֆինանսիստների միավորումը համագործակցել էր Արագածոտնի հասարակական կազմակերպությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ֆորումի գրասենյակի (ռեսուրս կենտրոն) և Աշտարակ համայնքի աշխատակազմի ղեկավար Գևորգ Եղիազարյանի հետ:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց ուսուցողական սեմինարի քննարկվելիք թեմաները:
Ծրագրի ղեկավար Արթուր Այվազովը հանգամանալից խոսեց ծրագրի նպատակների և ակնկալիքների մասին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրված համայնքներում ձևավորել համայնքային Քաղաքացիական նախաձեռնության խմբերը (ՔՆԽ), կազմակերպել համակարգողների ուսուցման մի շարք դասընթացներ` վերջիններիս` տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող օրենսդրությանը և Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին ծանոթացնելու նպատակով:
Այնուհետև ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց համայնքների բյուջեների մասին հանրային լսումների և բյուջետավարման փորձի ու խնդիրների վերաբերյալ:
ՀՖՄ վարչության անդամ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը ներկայացրեց ՀՀ Տեղական ինքնակառավարման իրավական ներկա համակարգը, զարգացման միտումներն ու հեռանկարները, անդրադարձավ Սահմանադրության վերջին փոփոխություններին և դրանցով պայմանավորված տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ փոփոխություներին:
Սեմինարի բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին, քննարկեցին ներկայացված խնդիրների շուրջ ծավալված խնդիրները: