Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Հանդիպում  Մակեդոնիայում (Օհրիդ)

2006թ. հունիսի 23-24

LOGIN ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ

2006թ. հունիսի 23-24-ին Մակեդոնիայի Հանրապետության Օհրիդ քաղաքում կայացավ LOGIN միջազգային ծրագրի մեջ ընդգրկված երկրների գործընկեր կազմակերպությունների հերթական ամենամյա հանդիմում-սեմինարը: Հայաստանյան թիմը ներկայացնում էին ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը եւ համակարգող Կարեն Դալլաքյանը:
Հանդիպմանը ներկա էին բոլոր 11 անդամ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաեւ` այս միջազգային ծրագրում նորեկ կազմակերպությունների ներկայացուցիչներ Ղրղզստանից եւ Կոսովոյից:
Հանդիպումը բացեց LOGIN-ի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կրիստոֆ Վարգան: Իր խոսքում նա մասնավորապես նշեց, որ այժմ LOGIN-ի գրադարանը ամենամեծն է տեղական ինքնակառավարման ոլորտում եւ ներկայացրեց անցած ժամանակահատվածի վիճակագրությունը: Հարկ է նշել, որ այժմ գրադարանում զետեղված են ավելի քան 9000 փաստաթղթեր, ընդ որում, նյութերի թարմացման հաճախականությունն ամենաբարձրն է` համեմատած այլ նմանատիպ անվճար վիրտուալ գրադարանների:
Հանդիպման ընթացքում քննակրվեցին LOGIN-ի զարգացման հեռանկարները, նոր երկրների ընդգրկումը համագործակցության մեջ, ինչպես նաեւ` անդամ կազմակերպությունների միջեւ հնարավոր համագործակցության ուղիները: Յուրաքանչյուր անդամ կազմակերպություն ներկայացրեց իր գործունեության ուղղվածությունն ու իրականացվող ծրագրերի շրջանակը: Մասնավորապես, հարկ է նշել, որ Հայաստանում իրականացվող, ՙԸստ աշխատանքների կատարման բյուջետավարում՚ ծրագիրը հետաքրքրություն առաջացրեց Լիտվիայի ներկայացուցիչների մոտ, եւ նրանք ցանկություն հայտնեցին համագործակցելու այս ոլորտում:
Հանդիպման ընթացքում բուլղարական թիմի անդամները ներկայացրեցին LOGIN-ի օգնությամբ իրենց կողմից իրականացվող distance learning (ուսուցում, որի ժամանակ ունկնդիր-դասախոս կապը իրականացվում է համակարգչի միջոցով) համակարգի ներդրումը: Փաստորեն, այդ համակարգն այս տարվա աշնանից մատչելի կլինի անդամ երկրների բոլոր կազմակերպություններին եւ ցանկության դեպքում նրանք կարող են այսպիսի դասախոսություններ իրականացնել իրենց երկրներում` իրենց մայրենի լեզվով:
Հայաստանյան թիմը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր կողմից իրականացված եւ իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ` իրենց կողմից ստեղծված տեղական ինքնակառավարման վերաբերյալ հիմնական ֆինանսական ցուցանիշները արտացոլող աղյուսակը: Այդ աղյուսակը կլրացնեն նաեւ LOGIN-ի այլ անդամ երկրների ներկայացուցիչները` իրենց երկրների տվյալներով: Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ունենալ համեմատական աղյուսակ` նախկին սոցիալիստական երկրների տեղական ինքնակառավարման ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Աղյուսակը հնարավոր կլինի դիտել LOGIN-ի գրադարանում մինչեւ հուլիսի վերջ: