Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Բերդում

2006թ. հուլիսի 5

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

ԲԵՐԴ
Այս ծրագրի շրջանակներում հուլիսի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ ուսուցողական չորրորդ սեմինարը, որին մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներ:
Սեմինարի կազմակերպման ընթացքում Համայնքների ֆինանսիստների միավորումը համագործակցել էր Բերդի համայնքների միության հետ: Սեմինարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում պարզվեց, որ համայնքներում բացի իրավական և բյուջետային հարցերի վերաբերյալ խորհրդատվությունից նաև լուրջ պահանջ է առաջացել գույքահարկի գանձման գործառույթներին առնչվող հարցերի կապակցությամբ: Արձագանքելով տեղի պահանջին` Համայնքների ֆինանսիստների միավորումը հրավիրեց Հարկային պետական ծառայության գույքահարկի բաժնի պետ Արթուր Մանուկյանին, որը սիրով ընդունեց առաջարկը:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց ուսուցողական սեմինարի քննարկվելիք թեմաները:
Ծրագրի ղեկավար Արթուր Այվազովը հանգամանալից խոսեց ծրագրի նպատակների և ակնկալիքների մասին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրված համայնքներում ձևավորել համայնքային Քաղաքացիական նախաձեռնության խմբեր (ՔՆԽ), կազմակերպել համակարգողների ուսուցման մի շարք դասընթացներ` վերջիններիս տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող օրենսդրությանը և Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին ծանոթացնելու նպատակով:
Այնուհետև ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց համայնքների բյուջեների հանրային լսումների և բյուջետավարման փորձի ու խնդիրների մասին::
ՀՖՄ վարչության անդամ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը ներկայացրեց ՀՀ տեղական ինքնակառավարման իրավական ներկա համակարգը, զարգացման միտումներն ու հեռանկարները, անդրադարձավ Սահմանադրության վերջին փոփոխություններին և դրանով պայմանավորված տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ փոփոխություներին:
ՀՀ հարկային պետական ծառայության գույքահարկի բաժնի պետ Արթուր Մանուկյանը ներկայացրեց գույքահարկի վարչարարության հետ առնչվող խնդիրները:
Սեմինարի բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին, քննարկեցին ներկայացված խնդիրների շուրջ ծավալված խնդիրները:
ՙLOGIN-Հայաստան՚
Պետք է նշել, որ Բերդում կայացած սեմինարը զուգակցվում էր ՀՖՄ կողմից իրականացվող մեկ այլ` ՙՏեղական Ինքնակառավարման Տեղեկատվական Ցանց՚ (Local Government Information Network- LOGIN) ծրագրի հետ:
ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի համակարգող Կարեն Դալլաքյանը հանգամանալից ներկայացրեց այս ծրագրի նպատակները և խնդիրները` Հայաստանում տեղական ինքնակառավարմանը վերաբերվող տարաբնույթ տեղեկատվության հավաքագրում և տրամադրում շահագրգիռ կողմերին, LOGIN-ի վերաբերյալ տեղեկատվության տարածում Հայաստանում, ՏԻՄ-երին վերաբերող գրքերի և ուսումնական ձեռնարկների տպագրում և տարածում, Հայաստանի ՏԻՄ-երին համապատասխան տեղեկատվության տրամադրում, կապերի և տեղեկատվության փոխանակման հնարավորությունների ստեղծում Հայաստանի տարբեր համայնքների միջև: Նշվեց, որ LOGIN-ի շտեմարաններում զետեղված են օրենքներ, որոշումներ և այլ իրավական ակտեր, մունիցիպալ կառավարման արդի օրինակներ, մեթոդական ձեռնարկներ, գիտաժողովների նյութեր, հետազոտություններ և ուսումնասիրություններ, հրատապ հոդվածներ: