Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Վեդիում

2006թ. մայիսի 31

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Համայնքների Ֆինանսիստների Միավորումը, Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ այս տարվա ապրիլից իրականացնում է ՙՔաղաքացիական նախաձեռնություն՚ ծրագիրը, որի նպատակն է` Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում նպաստել ժողովրդավարության կայացմանը` հանրային մասնակցության կարողությունների զարգացման միջոցով:
Այս ծրագրի շրջանակներում Վեդիում տեղի ունեցավ ուսուցողական երկրորդ սեմինարը, որին մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներ:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց ուսուցողական սեմինարի քննարկվելիք թեմաները:
Ծրագրի ղեկավար Արթուր Այվազովը հանգամանալից խոսեց ծրագրի նպատակների և ակնկալիքների մասին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրված համայնքներում ձևավորել համայնքային Քաղաքացիական նախաձեռնության խմբեր (ՔՆԽ), կազմակերպել համակարգողների ուսուցման մի շարք դասընթացներ` վերջիններիս տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող օրենսդրությանը և Սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխություններին ծանոթացնելու նպատակով:
Այնուհետև ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց համայնքների բյուջեների հանրային լսումների և բյուջետավարման փորձի ու խնդիրների վերաբերյալ:
ՀՖՄ վարչության անդամ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը ներկայացրեց ՀՀ տեղական ինքնակառավարման իրավական ներկա համակարգը, զարգացման միտումներն ու հեռանկարները, անդրադարձավ Սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխություններին և դրանով պայմանավորված տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ փոփոխություններին:
Սեմինարի բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին, վարեցին ներկայացված խնդիրների շուրջ ծավալված քննարկումները: