Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Սիսիանում

2006թ. մայիսի 12

ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Այս տարվա ապրիլից Համայնքների Ֆինանսիստների Միավորումը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացնում է ՙՔաղաքացիական նախաձեռնություն՚ ծրագիրը, որի նպատակն է` հանրային մասնակցության կարողությունների զարգացման միջոցով Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում նպաստել ժողովրդավարության կայացմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրված համայնքներում ձևավորել համայնքային քաղաքացիական նախաձեռնության խմբեր (ՔՆԽ), կազմակերպել համակարգողների ուսուցման մի շարք դասընթացներ` տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող օրենսդրությանը և Սահմանադրության մեջ կատարված վերջին փոփոխություններին ծանոթացնելու նպատակով:
Այս համատեքստում մայիսի 12-ին Սիսիանում կայացավ առաջին ուսուցողական սեմինարը` տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, ներկայացրեց ուսուցողական այս սեմինարի քննարկվելիք թեմաները:
Ծրագրի ղեկավար Արթուր Այվազովը հանգամանալից խոսեց ծրագրի նպատակների և ակնկալիքների մասին:
Այնուհետև ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց համայնքների բյուջեների հանրային լսումների և բյուջետավարման փորձի ու խնդիրների վերաբերյալ:
ՀՖՄ վարչության անդամ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը ներկայացրեց ՀՀ Տեղական ինքնակառավարման իրավական ներկա համակարգը, զարգացման միտումներն ու հեռանկարները, անդրադարձավ Սահմանադրության վերջին փոփոխություններին և դրանով պայմանավորված տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ փոփոխություններին:
Սեմինարի բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին, վարեցին ներկայացված խնդիրների շուրջ ծավալված քննարկումները: