Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Կլոր սեղան – քննարկում Երևանում

2009թ. սեպտեմբերի 4

Համայնքների ֆինանսիստների միավորումը (ՀՖՄ) ս/թ սեպտեմբերի 4-ին ՙԵրևան Գոլդեն-Թուլիփ՚ հյուրանոցի դահլիճում կազմակերպել էր կլոր-սեղան, որը նվիրված էր ՙԵվրասիա համագործակցություն՚ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի վերաբերյալ դիտողությունների մշակում՚ ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերի ներկայացմանը և քննարկմանը: Կլոր սեղան քննարկմանը հրավիրված էին և մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններից, որոնց գործունեությունը ուղղակի առնչվում է տեղական ինքնակառավարման ոլորտի հետ: Մասնակցում էին նաև համայնքային աշխատողներ և իրավաբաններ:
Կլոր սեղան-քննարկումն իր ելույթով բացեց ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը: Ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում կատարված և պլանավորված աշխատանքները: Ծրագրի շրջանակներում մշակված ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի վերաբերյալ մեկնաբանություններն ու դիտողությունները ներկայացրեց ծրագրի փորձագետ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը:
Բանախոսների ելույթից հետո մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, արտահայտեցին իրենց կարծիքները և մեծաթիվ հարցեր ուղղեցին ծրագրի փորձագետներին: Կարծիքների մեծ մասը վերաբերում էր ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքում առկա թերություններին: ՀՖՄ կողմից մշակված դիտողությունները անդրադառնում են նշված և նմանատիպ այլ թերություններին: Կլոր սեղանի քննարկումները հավաստեցին, որ տեղական ինքնակառավարման ոլորտում գործող կազմակերպությունները և ՀՖՄ-ն համակարծիք են և որ մշակված դիտողությունները լիովին արտացոլում են ոլորտում առկա թերությունները:
Մասնակիցներին հետաքրքրում էր մասնավորապես այն, թե մեկնաբանությունները մշակելիս հատկապես ի±նչ օրենքներից և աղբյուրներից են օգտվել կազմակերպության փորձագետները: Մկրտիչ Գիմիշյանը պատասխանեց, որ հիմք են ընդունել ՀՀ Սահմանադրությունը և Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան, սակայն մեկնաբանությունների մշակման համար առավել մեծ դերակատարում են ունեցել փորձագետների երկար տարիների փորձը և տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը նվիրված բազում մշակումները:

Աբրահամ Արտաշեսյան