Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Աշտարակում

2009թ. հունիսի 11

Համայնքների ֆինանսիստների միավորումը 2009թ. հունիսի 11-ին կազմակերպել էր սեմինար Աշտարակ քաղաքում` Արագածոտնի մարզպետարանի դահլիճում: Սեմինարը կազմակերպված էր ՙLOGIN – Հայաստան՚ ծրագրի շրջանակներում: LOGIN ծրագիրն իրականացվում է Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների պետությունները ներկայացնող կազմակերպությունների համագործակցությամբ: LOGIN ծրագիրը Հարավային Կովկասի երկրներից իրականացվում է միայն Հայաստանում (2005-ից) և ծրագրի գործընկերն է ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ (ՀՖՄ) հասարակական կազմակերպությունը:
Կազմակերպված սեմինարին մասնակցում էին Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարներ և ֆինանսիստներ` շուրջ 30 մասնակից: Սեմինարի թեման էր ՙՏեղական ինքնակառավարմանը վերաբերող նոր օրենքներ և օրինագծեր՚: Սեմինարին մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական բաժնի պետ Արմեն Ավետիսյանը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով: Սեմինարին բացման խոսք ասացին ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը և ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանը: LOGIN-Հայաստան ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի խնդիրները և իրականացման ընթացքը: Օրակարգի հաջորդ թեման էր ՙՖինանսական համահարթեցման հիմնախնդիրները Հայաստանում՚: Վահան Մովսիսյանը ներկայացրեց ՀՖՄ կողմից մշակված համահարթեցման նոր օրենքը և համահարթեցման դոտացիայի վրա ազդող գործոնները: Դավիթ Թումանյանը ներկայացրեց ՙՏեղական հարկերի կիրառման հնարավորությունները Հայաստանում՚ թեման` առանձնահատուկ ընդգծելով տեղական հարկերի մասին օրենքի նախագիծը, որը նույնպես մշակվել է ՀՖՄ-ի կողմից: Օրակարգի վերջին հարցն էր ՙՄեթոդական տեղեկատվություն. հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին (07.04.2009) ՀՀ օրենք և Գույքահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (07.04.2009թ.) ՀՀ օրենք՚ թեման, որը ներկայացրեց Վահան Մովսիսյանը: Սեմինարի ավարտին մասնակիցների կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները, ինչպես նաև հնչեցին տարբեր բնույթի առաջարկություններ: