Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2008թ. հուլիսի 17

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Տեղական Ինքնակառավարման Տեղեկատվական Ցանց
Local Government Information Network (LOGIN)

Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի բարեփոխումները համայնքների
զարգացման համատեքստում

Համայնքներում փոքր և միջին բիզնեսի կազմակերպման, ակտիվացման և օժանդակման խնդիրների քննարկմանը նվիրված կլոր սեղան էր կազմակերպվել Համայնքների ֆինանսիստների միավորման ու Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի կողմից` ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի շրջանակներում և տեղի ունեցավ Երևանի GOLDEN TULIP հյուրանոցի դահլիճում: Կլոր սեղանի մասնակիցներն էին փոքր և միջին բիզնեսի ոլորտի խնդիրներով զբաղվող բիզնես կենտրոնների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքների ղեկավարներ և փոխհամայնքապետեր:
Կլոր սեղանի բացմանն իրենց ողջույնի խոսքն ասացին Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի նախագահ Գագիկ Պողոսյանը և ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին հրավերքն ընդունելու և մասնակցելու համար:
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի գործադիր տնօրեն Նարինե Մաիյլյանը ելույթ ունեցավ ՙՓոքր և միջին ձեռնարկատիրության կարևորությունը համայնքային զարգացման գործում՚ թեմայով: Նա անդրադարձավ Արթիկում իրականացված պիլոտային ծրագրին: Ծրագրի շրջանակներում անցկացված հարցումն ի հայտ է բերել, որ համայնքում փոքր և միջին ձեռնարկատերը մեծամասամբ նախընտրում են խորհրդատվությունը` առաջարկված տեղեկատվությանից և դասընթացից: Կազմակերպվել էր գործող բիզնեսի վերլուծություն/դիագնոստիկա/, որն անվճար անցկացվել էր SMART կազմակերպության կողմից:
Հաջորդ բանախոսը ՀՖՄ վարչության անդամ Սոս Գիմիշյանն էր: Նա անդրադարձավ համայնքում փոքր և միջին բիզնաեսի զարգացման համայնքի ուղղակի և անուղղակի շահին: Որպես ուղղակի շահ նա նշեց գույքահարկի և հողի հարկի բազայի ավելացումը փոքր և միջին բիզնեսի զարգացման պարագայում, որպես անուղղակի` աշխատատեղերի ավելացումը: Նա անդրադարձավ նաև համայնքային բյուջեի եկամտի մեկ այլ աղբյուրի` շահութահարկից և եկամտահարկից մասհանումներին: Նա նշեց, որ մասհանումները շահութահարկից և եկամտահարկից շատ ավելի մեծ խթան կհանդիսանան համայնք-բիզնես կապի ստեղծմանը, քանզի ի տարբերություն գույքահարկի և հողի հարկի, որոնց բազան հիմնականում կայուն է և անփոփոխ, շահութահարկը և եկամտահարկը բիզնեսի իրականացման արդյունք են, ուստի տեղական ինքնակառավարման մարմինները շահագրգռված կլինեն առողջ բիզնես միջավայրի ստեղծմանը` ակնկալելով բյուջեի մուտքերի ավելացում:
Շարունակելով թեման, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց ՙՏնտեսական բարեփոխումների ներկայիս ընթացքը և հեռանկարները համայնքների զարգացման համատեքստում՚ խնդրի առնչությամբ: Նա մասնավորեցրեց, որ մինչ այսօր շահութահարկից և եկամտահարկից մասհանումներ չեն կատարվել և դրա հիմնական փաստարկը եղել է համայնքների ֆինանսական բևեռացման ուժեղացումը` բիզնեսի բևեռացման պայմաններում: Վ. Մովսիսյանը փաստեց, որ այս խնդրին լուծում կտրվի ՀՖՄ-ի կողմից մշակված ֆինանսական համահարթեցման մեխանիզմով, որն արդեն իսկ ներկայացված է կառավարությանը: Մեկ այլ բարեփոխում, որին անդրադարձավ Վ. Մովսիսյանը, տեղական հարկերի գաղափարն է: Նա նշեց, որ տեղական հարկերի միջոցով տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կունենան արտոնություններ սահմանել հիմնադրվող և գործող բիզնեսի համար: Նա ներկայացրեց նաև ՙՀյուրանոցային հարկի՚ գաղափարը, որը իրենից ներկայացնում է հարկ հյուրանոցում գրանցված յուրաքանչյուր հաճախորդի համար:
Անցնելով քննարկումներին, Ախուրյան համայնքի ղեկավարը` Արծրուն Իգիթյանը, ներկայացրեց համայնքում նոր շաքարի գործարանի կառուցման ժամանակ ծագած հողհատկացումների խնդիրները: Նույն խնդրի մասին խոսեց նաև Նորատուս համայնքի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը: Նա շեշտադրեց համայնքային հողերի հողօգտագործման սխեմաներում փոփոխություններ կատարելու հետ կապված դժվարությունները և փաստեց, որ շատ դեպքերում համայնքն անկարող է հողհատկացմամբ օժանդակել բիզնեսի հիմնադրմանը համայնքում: Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Ստեփան Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքը լուսավորելը, մաքրելն ու կանաչապատելը նույնպես, թեկուզ անուղղակի, քայլեր են բիզնեսին աջակցելու համար: Նա ավելացրեց, որ եթե նույնիսկ համայնքը ի զորու չէ օգնել բիզնեսին, ապա գոնե պետք է չխանգարի:

Աբրահամ Արտաշեսյան