Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Սիսիանում

2008թ. հուլիսի 22

Սիսիան համայնքում պատանի հրշեջ-
փրկարարական շարժման կազմակերպման քննարկում

Երևանում Համայնքների ֆինանսիստների միավորման և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմակերպված կլոր սեղանի տրամաբանական շարունակությունը դարձավ ՙLOGIN–Հայաստան՚ ծրագրի շրջանակներում Սիսիանում կազմակերպված սեմինարը: Սեմինարը տեղի ունեցավ ս.թ. հուլիսի 22–ին: Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սեմինարին հրավիրված էին Սիսիանի դպրոցների տնօրենները, զինղեկները, քաղաքապետարանի աշխատակիցները և հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչները: Սեմինարին ներկա էին նաև տեղական լրագրողները:
Հավաքվածներին նախ ներկայացվեց ՙՀամայնքի տեղն ու դերը կառավարման համակարգում՚ թեման, որը ներկայացրեց ՀՖՄ վարչության անդամ Սոս Գիմիշյանը: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանի բանախոսության թեման էր ՙՊատանի հրշեջ-փրկարարական շարժման նախաձեռնության կարևորությունը և արդիականությունը՚: Լևոն Թումանյանը ներկայացրեց համայնքների ֆինանսական համակարգը:
Դասախոսություններից հետո ծավալվեց քննարկումներ` դպրոցներում պատանի հրշեջ-փրկարարական խմբակների ձևավորման հնարավորությունների, իրագործելիության, խմբակներում ընդգրկված երեխաների քանակի և տարիքի շուրջ: Հաշվի առնելով հնչած առաջարկությունները, որոշվեց խմբակները ձևավորել Սիսիան համայնքի բոլոր հինգ դպրոցներում: Խմբակները բաղկացած կլինեն 11-12 տարեկան 5-6 աշակերտներից: Հրշեջ-փրկարարական ծառայության պետ Վաղինակ Հայրապետյանն առաջարկեց տեսական պարապմունքներ անցկացնել Շվեյցարական գրասենյակի կողմից վերանորոգվող լսարանում, իսկ գործնական պարապմունքները` վարժահրապարակում, որի կառուցումը ևս ֆինանսավորվել էր Շվեյցարական գրասենյակը: Քաղաքապետի աշխատակազմի քարտուղար Բալյան Վարդանը հավաստեց, որ քաղաքապետարանն իր ունեցած միջոցների շրջանակում պատրաստակամ է օգնելու ծրագրի արդյունավետ իրագործմանը:
Սեմինարի օրակարգով նախատեսված էր նաև այցելություն Սիսիանի հրշեջ-փրկարարական վարժահրապարակ` գործնական պարապմունքներ կազմակերպելու հնարավորություններին տեղում ծանոթանալու համար: Տեղի փրկարարական ջոկատը հմտությունների ցուցադրական ելույթներ ունեցավ, որը մեծ տպավորություն գործեց հավաքվածների վրա:
Ամփոփելով սեմինարը, պայմանավորվածություն ձեռք բերվեց սեպտեմբերին ձևավորել աշակերտական խմբեր և սկսել իրականացնել առաջին ուսումնական պարապմունքները: