Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Գրքի շնորհանդես Երևանում

2008թ. օգոստոսի 29

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
(2004-2006թթ.)
գիրք 2

Օգոստոսի 29-ին Երևանի ՙԳոլդեն թուլիպ՚ հյուրանոցի ճեմասրահում տեղի ունեցավ Համայնքների ֆինանսիստների միավորման հրատարակած ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004-2006թ.թ.)՚ երկրորդ գրքի շնորհանդեսը, որին հրավիրված էին մասնակցելու Ազգային Ժողովի պատգամավորներ, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գրքի խմբագիր Դավիթ Թումանյանը իր շնորհակալությունը հայտնելով ներկաներին` կազմակերպության հերթական հրատարակության շնորհանդեսին մասնակից լինելու համար, նշեց, որ Համայնքների ֆինանսիստների միավորումը տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումների վերաբերյալ պարբերաբար կազմակերպում է հանրապետական մասշտաբի կոնֆերանսներ: Անցյալ տարի դեկտեմբերի 12-ին կազմակերպվեց հերթական կոնֆերանսը և այդ կոնֆերանսի նյութերն էլ դարձել են նոր ժողովածուի հենքը: Սա այս շարքի երկրորդ գիրքն է: Նախորդ հրատարակությունն անդրադառնում էր մինչև 2004 թվականը տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումներին և ներառում էր կազմակերպության դիտարկումներն ու առաջարկները: Նոր հրատարակությունը վերաբերում է 2004-2006 թվականներին տեղական ինքնակառավարման համակարգում արվածներին և մասնավորապես չարվածներին: Եթե մինչև 2004 թվականը կառավարությունը չուներ որևէ ռազմավարական ծրագիր, որի միջոցով հնարավոր լիներ ճշտել, թե կառավարությունը ինչ էր մտածում այդ տարիներին տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման մասին, ապա 2003 թվականին ընդունվեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, ուր ոչ այնքան ամբողջական, ոչ այնքան հանգամանալի, այնուհանդերձ կա որոշակի անդրադարձ տեղական ինքնակառավարմանը և հնարավորություն կա ճշտել, թե կառավարությունը ինչ է կատարել, կամ ինչը չի կատարել: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ կառավարությունը գրեթե ոչինչ չի կատարել ծրագրում նշված քաղաքականությունների հիմնական ուղղություններից: Գրքում զետեղված զեկույցները կազմվել են երեք հիմնարար սկզբունքների հաշվառմամբ` 1. Տեղական ինքնակառավարմանն առնչվող ՀՀ կառավարության նախանշած ծրագրերը և դրանց կատարման գնահատականը, 2. Միջազգայնորեն ընդունված տեղական ինքնակառավարման զարգացման ցուցանիշները, Հայաստանում այդ ցուցանիշների մակարդակները և համեմատությունը այլ երկրների հետ և 3. Հայաստանի պարտավորությունները միջազգային կազմակերպությունների առջև` տեղական ինքնակառավարման զարգացման համատեքստում:
Եզրափակելով իր խոսքը, պարոն Թումանյանը շեշտեց, որ գիրքը առաջին հերթին հասցեագրված է ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, որպեսզի նրանք կարողանան տեսնել, թե ինչ գնահատական է տրվում անկախ փորձագետների կողմից տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումներին:
Համայնքների ֆինանսիստների միավորումը այս հրատարակությունը պատրաստվում է առաքել Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին, կառավարությանը, շահագրգիռ նախարարություններին և միջազգային ու տեղական կազմակերպություններին: Միաժամանակ կազմակերպությունը որոշել է տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումներին անդրադառնալ յուրաքանչյուր տարի և այժմ աշխատանքներ են տարվում 2007 թվականի զեկույցի պատրաստման համար:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը իր ելույթում իր շնորհակալական խոսքն ասաց բոլոր ներկաներին, մասնավորապես գրքի հեղինակներին և հատկապես գրքի խմբագիր Դավիթ Թումանյանին, որի ջանքերի շնորհիվ կազմակերպության հրատարակած գրքերի ցանկը համալրվել է շատ կարևոր մի աշխատությամբ: Պարոն Մովսիսյանը նշեց, որ կազմակերպությունը երեք տարին մեկ անդրադառնում է տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումներին, որպեսզի փորձ արվի հասկանալ` արդյոք կառավարության քայլերը տանում են դեպի կառավարման համակարգի ապակենտրոնացմանը, թե հակառակը, փոփոխությունները օգնում են հանրային ծառայություններն առավել արդյունավետ տրամադրել հանրությանը, թե ոչ:
Ազգային Ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը իր ելույթում Համայնքների ֆինանսիստների միավորման այս հրատարակությունը գնահատեց որպես գիտական ներդրում Հայաստանում տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորման գործում: Տիկին Ալավերդյանը մասնավորապես նշեց. ՙՑավոք սրտի, դրա նշանակությունը մեզանում չի ընկալվում և դրա հավաստումը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, որոնց ընթացքում մենք չենք լսում, թե համայնքապետերն ինչպես են ընկալում և տեսնում տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Ընդհակառակը, տեղական ինքնակառավարման համակարգը կարծես դառնում է պետական ուղղահայաց կառավարման բաղկացուցիչ մասը:
Շուտով Ազգային ժողովը քննարկելու է 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը: Տարիներ շարունակ դիմում ենք բոլոր հասարակական կազմակերպություններին և խնդրում շահագրգիռ, գիտական մոտեցում ցուցաբերել այդ փաստաթղթին և հանդես գալ առաջարկություններով: Եթե Համայնքների ֆինանսիստների միավորումը ունի իր դիրքորոշումը, ունի իր ասելիքը, ապա ՙԺառանգություն՚ խմբակցությունը պատրաստակամ է այն ներկայացնել Ազգային Ժողովին՚:
Շնորհանդեսը շարունակվեց ջերմ մթնոլորտում` ՀՖՄ-ին և գրքի հեղինակներին ուղղված մասնակիցների անկեղծ շնորհավորանքներով: