Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2008թ. հոկտեմբերի 10-11

Պրոֆեսոր Դայան Շեֆոլդը Հայաստանում

Սույն թվականի հոկտեմբերի 4–ից 19-ը Հայաստանում էր գտնվում Բրեմենի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր, Եվրոպայի խորհրդի Տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսի Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի անկախ փորձագիտական խմբի անդամ Դայան Շեֆոլդը: Վերոհիշյալ գիտնականը հանրային իրավունքի և տեղական ինքնակառավարման հարցերով հանրաճանաչ եվրոպական մասնագետ է և իր այցի հիմնական նպատակն էր` մի շարք դասախոսություն-քննարկումների անցկացումը ՀՀ տեղական ինքնակառավարման արդի հիմնախնդիրների վերաբերյալ, դրանք համադրելով եվրոպական երկրների` մասնավորապես Գերմանիայի հետ:
Այցը նախաձեռնել էր Համայնքների Ֆինանսիստների միավորումը և դրա կազմակերպմանն աջակցել էին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն (ՀՌԿԿ) ու Տնտեսագիտության և մենեջմենտի ինստիտուտը:
Պրոֆեսորի այցը բավականին հագեցած էր բազմաբովանդակ քննարկումներով և դասախոսություններով: Այսպես, նա մի շարք հանդիպումներ է ունեցել Համայնքների ֆինանսիստների միավորման փորձագետների և ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների հետ, սեմինար-դասախոսություններ է կարդացել ՀՌԿԿ-ում, ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունում, Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում, Տնտեսագիտության և մենեջմենտի ինստիտուտում, Եվրոպական ակադեմիայում:
Մասնավորապես, ՀՌԿԿ-ում անցկացված միջոցառումը նվիրված էր մայրաքաղաքների կառավարման համակարգերին, որի ընթացքում ներկայացվեց Բեռլինի կառավարման փորձը, ինչպես նաև վերլուծվեց Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին օրինագիծը` հատուկ շեշտադրում կատարելով դրա խնդրահարույց դրույթներին:
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակիցների համար կազմակերպված սեմինարի հիմնական թեման միջհամայնքային համագործակցության գերմանական փորձն էր: Թեմայի արդիականությունը պայմանավորված է Հայաստանում միջհամայնքային միավորումների համակարգի ներդրման և համանուն օրինագծի մշակման հետ:
Տնտեսագիտական համալսարանում քննարկված հարցերի շրջանակը ավելի լայն էր և առնչվում էր տեղական ինքնակառավարման ընդհանուր հարցերին: Ուսանողները բավականին ակտիվություն ցուցաբերեցին և բազմաթիվ հարցեր ուղղեցին գերմանացի հյուրին, որն իր հերթին հաճույքով պատասխանեց դրանց:
Ի լրումն ուսումնական միջոցառումներին, գերմանացի հյուրի համար կազմակերպվեց նաև զբոսաշրջային ծրագիր` այցելություններ մեր երկրի մի շարք տեսարժան վայրեր:
Վերջում կարելի է հուսալ, որ Դայան Շեֆոլդի նման մասնագետների այցը մեր երկիր ավելի հաճախակի կդառնա, քանի որ փորձի փոխանակման նմանատիպ միջոցառումներն այսօր բավականին պահանջված են և հնարավորություն են ընձեռում առավել հանգամանալից ծանոթանալ տեղական ինքնակառավարման եվրոպական փորձին:

Professor Dian Schefold from University of Bremen who is also the member of Independent expert group of the Congress of CoE visited Armenia from October 4 to 19, 2008. The visit was initiated by the Communities Finance Officers Association (CFOA) and organized by the DAAD, Caucasus Resource Research Center (CRRC), CFOA and Institute of Economics and Management. The professor delivered lectures and workshops in CRRC, CFOA, Ministry of Territorial Administration of Armenia, State Economic University, Institute of Economics and Management, European Educational Regional Academy, etc. The topics of his presentations were: “Government Systems in the Capital Cities: Experience of European Cities and Implications for Yerevan”, “Inter-municipal-Cooperation Experience of Germany”, “Administrative Sciences and Economics” etc.