Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Հանդիպում Հունգարիայում (Բուդապեշտ)

2008թ. դեկտեմբերի 12-13

LOGIN ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
8-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

2008թ. դեկտեմբերի 12-13-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ LOGIN միջազգային գործընկերային ծրագրի մեջ ընդգրկված երկրները ներկայացնող կազմակերպությունների հերթական 8-րդ հանդիպումը: Հայաստանի գործընկեր կազմակերպությունը` Համայնքների ֆինանսիստների միավորումը, հանդիպմանը ներկայացնում էին ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը և համակարգող Աբրահամ Արտաշեսյանը:
Հանդիպումը բացեց LOGIN-ի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կրիստոֆ Վարգան: Իր խոսքում նա ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց հանդիպմանը նպատակը և քննարկվող հարցերը: Այնուհետև, նա անդրադարձավ գործընկեր կազմակերպությունների կողմից LOGIN ծրագրի շարունակականությանը վերաբերող հարցերին` մասնավորապես, ծրագրի ինքնաֆինանսավորմամբ իրականացմանը, որն այժմ կատարվում է Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Հունգարիայի, իսկ 2008 –ից նաև Ուկրաինայի գործընկեր կազմակերպությունների կողմից:
Հանդիպումը շարունակվեց գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներով, որտեղ յուրաքանչյուրը նախ ներկայացրեց իր կազմակերպությունը, այնուհետև LOGIN-ի շրջանակում կատարված աշխատանքները:
Սիլվիա Սզեկերեսը, որը LOGIN կենտրոնական գրասենյակի համակարգողն է, ներկայացրեց LOGIN ծրագրի վիճակագրությունը: Հատկանշական է, որ ՀՖՄ-ն մյուս երկրների գործընկեր կազմակերպությունների շարքում բավականին մեծ հաջողություններ ունի: Այսպես, օրինակ, ՀՖՄ-ի կողմից LOGIN-ի ինտերնետային գրադարանում տեղադրված միջին դիտված փաստաթղթերի ցուցանիշը 4-րդն է, իսկ ըստ լեզուների միջին դիտված փաստաթղթերի ցուցանիշով հայերենը 3-րդն է` անգլերենից և ռուսերենից հետո:
Հանդիպման ընթացքում քննարկվեց LOGIN-ի նոր բաժնի`distance learning (ուսուցում, որի ժամանակ ունկնդիր-դասախոս կապը իրականացվում է համակարգչի միջոցով) ներդրման հարցը: Բաժնի փորձնական գործարկումը կիրականացվի Ռումինիայի գործընկերների միջոցով, որից հետո այդ համակարգը մատչելի կլինի անդամ երկրների բոլոր կազմակերպություններին, և ցանկության դեպքում նրանք կարող են այդպիսի դասախոսություններ իրականացնել իրենց երկրներում` իրենց մայրենի լեզուներով:
Քննարկումներ եղան նաև LOGIN–ի ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների շուրջ:
Աբրահամ ԱրտաշեսյանLOGIN-Հայաստան ծրագրի համակարգող: