Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Ազգային կոնֆերանս Երևանում

2008թ. դեկտեմբերի 19

2008 թվականի դեկտեմբերի 19–ին, Երևանի Կոնգրես հյուրանոցի ՙՊիկասո՚ դահլիճում, Համայնքների ֆինանսիստների միավորումը, Բաց հասարակության ինստիտուտի Տեղական ինքնակառավարման ու հանրային ծառայությունների բարեփոխումների նախաձեռնության օժանդակությամբ, ՙԱջակցություն Հայաստանի ֆիսկալ բարեփոխումներին, փուլ 2՚ և ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրերի շրջանակներում հրավիրել էր ազգային կոնֆերանս` ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. նոր զարգացումներ՚ թեմայով:
Կոնֆերանսին հրավիրված էին և մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսը հրավիրվել էր Համայնքների ֆինանսիստների միավորման համար հոբելյանական տարում` լրացավ կազմակերպության հիմնադրման 10-ամյակը:
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա շնորհավորեց ՀՖՄ անդամներին կազմակերպության հիմնադրման 10-ամյակի առթիվ, կարևորեց կատարված աշխատանքները, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն-Համայնքների ֆինանսիստների միավորում համագործակցությունը և մասնավորապես վերջին յոթ ամիսների ընթացքում կատարված աշխատանքները և վստահեցրեց, որ առկա գործընկերային հարաբերությունները շարունակվելու են ու ավելի են առարկայանալու:
Բացման խոսքում, ՀՖՄ փոխնախագահ, ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը նշեց, որ կոնֆերանսի հրավիրման նպատակն է` ներկայացնել և քննարկել տեղական ինքնակառավարման 2007 թվականի բարեփոխումների ընթացքը, համայնքների խոշորացման փորձնական ծրագիրը, տեղական հարկերի և միջհամայնքային միավորումների վերաբերյալ կազմակերպության կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների նախագծերի տարբերակները, ինչպես նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման բարեփոխումների այսօրվա օրակարգում առկա այլ հարցեր ու խնդիրներ:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց կոնֆերանսին մասնակցելու հրավերը հարգելու համար, շնորհավորեց բոլորին Համայնքների ֆինանսիստների միավորման հիմնադրման 10-ամյակի առթիվ և ամփոփ ներկայացրեց կազմակերպության անցած ճանապարհը, իրականացրած ծրագրերը: Իր ելույթում պարոն Մովսիսյանը մասնավորապես նշեց.
– Տաս տարի առաջ, ֆինանսական կառավարում ծրագրի վերապատրաստում անցած մի խումբ նվիրյալ նախաձեռնողների կողմից որոշում կայացվեց ստեղծել Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպությունը: Այդ մարդկանց մեծամասնությունը ներկա է այս կոնֆերանսին: Նրանց ջանքերով տաս տարի առաջ ծնունդ առավ մեր կազմակերպությունը, որն իր առաջին քայլերն արեց ունենալով զրոյական նյութատեխնիկական բազա, սակայն ունենալով մասնագիտական լուրջ կարողություններ և գիտելիքներ կազմակերպության հետագա հզորացումը ապահովելու համար: Համայնքների ֆինանսիստների միավորումը սկսեց համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ` փորձելով աջակցել նրանց բյուջետավարման և եռամյա ծրագրերի կազմմանը որոշակի հմտություններ հաղորդելով նրանց:
Այնուհետ աշխատանքներն ավելի խորացան, սկսեցինք աշխատել դոնոր կազմակերպությունների հետ, մշակվեցին համակարգչային ծրագրեր, պատրաստվեցին ուսումնական ձեռնարկներ, իրականացվեցին տասնյակ ծրագրեր: Կազմակերպության անդամներն այսօր ընդգրկված են տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող գրեթե բոլոր կառույցներում` սկսած դոնոր կազմակերպություններից մինչև որպես արտասահմանյան համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Պետք է ասել, որ անցած տաս տարիների ընթացքում աշխատել ենք ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, այնպես էլ դոնորների, կառավարության և Ազգային ժողովի համապատասխան կառույցների հետ: Ինչ ունի այսօր Համայնքների ֆինանսիստների միավորում հասարակական կազմակերպությունը: Նյութատեխնիկական առումով կազմակերպության կարողությունը մի քանի համակարգիչ է և մի քանի սեղան ու աթոռ, սակայն կազմակերպության գլխավոր հարստությունը նրա անդամների մասնագիտական գիտելիքներն ու մեծ ներուժն է: Այսօր ես չէի ցանկանում խոսել կազմակերպության իրականացրած բոլոր ծրագրերի մասին, այլ կանդրադառնամ միայն հիմնականներին: Այս տարիների ընթացքում կազմակերպության կողմից ներկայացվել է չորս օրենսդրական նախաձեռնություն, որոնք այժմ քննարկվում են կառավարությունում ու Ազգային ժողովում և շուտով օրենքի ուժ կստանան:
Ներկաներին ողջունեց, կազմակերպության հիմնադրման 10-ամյակի առթիվ շնորհավորանքի խոսքեր ասաց և կոնֆերանսի քննարկմանը ներկայացված խնդիրները կարևորեց ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Այնուհետև օրվա բանախոսները ներկայացրին իրենց օրակարգային հարցերը, պատասխանեցին մասնակիցների հարցերին և վարեցին քննարկումները:
Հայաստանի համայնքների խոշորացման հիմնահարցերը և ՀՖՄ-ի մշակած փորձնական ծրագիրը ներկայացրեց ՀՖՄ փոխնախագահ, ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը:
ՀՖՄ վարչության անդամ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանի բանախոսության թեման միջհամայնքային միավորումներն էին` ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենք՚-ի ՀՖՄ-ի նախագծի տարբերակի ներկայացումը:
ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում, 2007 թ,՚ (օրենսդրություն, ծրագրեր, համայնքային ծառայություն, տեղական ժողովրդավարություն և այլ հարցեր) թեման ներկայացրին ՀՖՄ անդամներ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը, Նվեր Գևորգյանը, Արթուր Այվազովը և Քնարիկ Արաբյանը:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանի բանախոսության թեման տեղական հարկերն էին` ՙՙՀարկերի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենք՚-ի ՀՖՄ-ի նախագծի տարբերակի ներկայացումը:
ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի շրջանակներում 2008 թվականի գործունեության արդյունքներն ամփոփեցին ծրագրի պատասխանատուներ Դավիթ Թումանյանը և Աբրահամ Արտաշեսյանը:
Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները, նշվեց, որ Համայնքների ֆինանսիստների միավորումը կշարունակի հետամուտ լինել կոնֆերանսին ներկայացված նյութերի` կառավարության և Ազգային ժողովի կողմից ընդունմանը, ինչպես նաև կնախաձեռնի տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված հետագա աշխատանքներ: