Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Շնորհանդես կոնֆերանս Երևանում

2007թ. հուվարի 26

2007 թվականի հունվարի 26-ին Երևանի ՙԿոնգրես՚ հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ կոնֆերանս-շնորհանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության ֆինանսական համահարթեցման մեխանիզմի նոր հայեցակարգին: Կոնֆերանսին, որը ՙՖինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում՚ ծրագրի շրջանակներում նախաձեռնել էր Համայնքների ֆինանսիստների միավորումը, մասնակցում էին ՀՀ կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական բաժնի պատասխանատուներ:
Բացելով կոնֆերանսը, ողջունելով ներկաներին, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը նշեց, որ Համայնքների ֆինանսիստների միավորումը, Ֆիսկալ ապակենտրոնացման նախաձեռնություն /Բուդապեշտ-OSI/FDI/ և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն /Բուդապեշտ-USAID/RSC/ կազմակերպությունների օժանդակությամբ, հիշյալ ծրագիրն իրականացրել է` սերտորեն համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների և էկոնոմիկային նախարարությունների հետ:
ՙՖինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում՚ ծրագրի իրականացման համար ստեղծվել էր խորհուրդ` ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար պարոն Վաչե Տերտերյանի գլխավորությամբ: Խորհուրդը հետևել է աշխատանքների ընթացքին, ներկայացրել է իր տեսակետները, ներգրավել փորձագետներ:
Ողջունելով ներկաներին, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար պարոն Վաչե Տերտերյանն անդրադարձավ ֆինանսական համահարթեցման ներկա համակարգին, որն արդեն տասը տարի է` գործում է և կատարել է իր առաքելությունը:
Պարոն Տերտերյանն արժևորեց Համայնքների ֆինանսիստների միավորման կատարած աշխատանքը` Հայաստանի Հանրապետության ֆինանսական համահարթեցման մեխանիզմի նոր հայեցակարգը և մշակված օրենքի նախագիծը, որը ծնունդ է միջազգային փորձի ուսումնասիրման և հայաստանյան իրականության առանձնահատկությունների գնահատման: Այս ամենի արդյունքում ստեղծվել է մի հայեցակարգ, որը լուրջ հավակնություն ունի` դառնալու սպասվելիք օրենսդրական փոփոխության հենքը: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը միջազգային փորձաքննության կներկայացնի այս աշխատությունը և դրական գնահատականի դեպքում` սահմանված կարգով այն որոշակի լրամշակումներով կներկայացվի խորհրդարան:
Կատարված աշխատանքը բարձր գնահատեց նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային գործընթացների կանոնակարգման վարչության պետ պարոն Դավիթ Համբարձումյանը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ նոր հայեցակարգը առաջադրում է ֆինանսական համահարթեցման սկզբունքների կտրուկ փոփոխություններ, որոնք համահունչ են արդի իրողություններին և համայնքների ֆինանսական զարգացման համար լուրջ կռվան են: Ներկայացված աշխատությունը դեռ չի քննարկվել կառավարական օղակներում, սակայն այն իրողությունը, որ մշակված է ֆինանսական համահարթեցման մեթոդաբանությունը և առկա է օրենքի նախագիծ` հնարավորություն են ընձեռում փաստաթուղթը լուրջ քննարկման առարկա դարձնել ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում և այլ շահագրգիռ կառույցներում:
ՙՖինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում՚ ծրագրի ղեկավար, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը շնորհակալություն հայտնելով այս ծրագրում ընդգրկված փորձագետներին` նրանց կատարած ծավալուն աշխատանքի համար, ամփոփ ներկայացրեց ծրագրի իրականացման գործընթացը և նոր հայեցակարգի առանցքային խնդիրները:
Անհրաժեշտ է նշել, որ համահարթեցման նոր համակարգի մշակումը ենթադրում էր միջազգային փորձի հանգամանալից ուսումնասիրություն: Այդ իսկ պատճառով, որպես ծրագրի արտաքին փորձագետ ընտրվեց հանրային ֆինանսների ոլորտի հայտնի կենտրոններից մեկի` Մոսկվայի ՙՖիսկալ քաղաքականության կենտրոնի՚ աշխատակից Օլգա Վորոնցովան, ում մասնագիտական խորհրդատվությունն այս ծրագրում խիստ գնահատելի է:
Ծրագրի արդյունքում մշակվել են ֆինանսական համահարթեցման մեթոդաբանությունը և ՀՀ Ֆինանսական համահարթեցման մասին նոր օրենքի նախագիծը:
ՙՖինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում՚ ծրագրի ղեկավար, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը կոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց ֆինանսական համահարթեցման նոր մոդելի մեթոդաբանության գործակիցների հաշվարկման կարգը, պատասխանեց ներկաների հարցերին: