Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Դիլիջանում

2007թ. հուլիսի 8

Տեղական Ինքնակառավարման Տեղեկատվական Ցանց
Local Government Information Network (LOGIN)

Հունիսին Դիլիջանում կայացավ ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի նախաձեռնած հերթական տեղեկատվական սեմինարը, որին մասնակցելու էին հրավիրված Դիլիջանի համայնքների միության անդամ համայնքների ղեկավարներ, ֆինանսական բաժնի պետեր և համայնքային ծառայողներ:

Բացելով սեմինարը, ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի ղեկավար ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանն ամփոփ ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, անդրադարձավ նման հանդիպում Դիլիջանում կազմակերպելու նախապատվություններին: Սեմինարի մասնակիցներին ողջունեց նաև Դիլիջանի համայնքների միության նախագահ, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նա կարևորեց համայնքների ֆինանսիստների միավորման առաքելությունն ու գործունեությունը` ի նպաստ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը: Իր երախտագիտությունը հայտնեց ՀՖՄ-Դիլիջանի համայնքների միություն սերտ համագործակցության և գործնական աջակցության համար:
ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանն առավել հանգամանալից ներկայացրեց վերջին տարիներին այս ծրագրի շրջանակներում համայնքների ֆինանսիստների միավորման կատարած աշխատանքները, ծանոթացրեց տեղական ինքնակառավարման համակարգին վերաբերող այն տեղեկատվական բազայի հետ, որը` շնորհիվ ծրագրի աշխատակիցների հետևողական աշխատանքի, մեկտեղվել է ՀՖՄ-ի պաշտոնական http://cfoa.am/ կայքում և Լոգին /LOGIN/ կազմակերպության http://www.logincee.org/ կայքի միջոցով հասանելի է ամբողջ աշխարհին:
Սեմինարի հաջորդ բանախոսը` ՀՖՄ ՙՀամայնք՚ պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Մանուկ Հակոբյանը, ներկայացրեց ՙՀամայնքային ծառայության մասին՚ ՀՀ օրենքը և նրա կիրարկման կարգը: Խոսեց Համայնքային ծառայության համակարգի ներդրման հետ կապված առկա խնդիրների, ըստ օրենքով սահմանված ժամանակացույցի առաջիկա ժամանակաշրջանի միջոցառումների մասին: Սեմինարի մասնակիցներին առաջարկվեց պատասխանել Համայնքային ծառայության մասին փորձնական թեստի հարցերին: Դիլիջանի համայնքների միության անդամները, Հայաստանում առաջինը, մասնակից եղան համայնքային ծառայողների ատեստավորման թեստային փուլին:
Ամփոփելով թեստավորման արդյունքները, բանախոսը պատասխանեց մասնակիցների մեծաթիվ հարցերին:
Միջհամայնքային միավորումների ստեղծման իրավական հիմքերին և նպատակներին անդրադարձավ սեմինարի հաջորդ բանախոս Սոս Գիմիշյանը: Թեման բավականին հրատապ էր սեմինարի մասնակից` Դիլիջանի համայնքների միության անդամների համար: Ծավալվեց շահագրգիռ քննարկում Միջհամայնքային միավորումների ստեղծման սկզբունքային մոդելների շուրջ, փաստարկվեց վերջիններիս դերը փոքր համայնքներում տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման գործում:
Սեմինարն ամփոփեց և ներկաների հարցերին պատասխանեց ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի ղեկավար ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանը: