Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2007թ. հոկտեմբերի 17

Հոկտեմբերի 17–ին, ՙԱջակցություն Հայաստանում տեղական ինքնակառավարման ֆիսկալ բարեփոխումներին՚ ծրագրի շրջանակներում, ՙԿոնգրես՚ հյուրանոցում տեղի ունեցավ հերթական սեմինարը: Այն կազմակերպվել էր Համայնքների ֆինանսիստների միավորման ՀՖՄ կողմից` Բաց հասարակության ինստիտուտի Տեղական ինքնակառավարման ու հանրային բարեփոխումների նախաձեռնության (LGI օժանդակությամբ: Սեմինարի նպատակն էր` ներկայացնել և քննարկել ՙԵրևանի մասին՚ և ՙՏեղական հարկերի ու վճարների մասին՚ հայեցակարգերը, Տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատման ցուցանիշները, ինչպես նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման բարեփոխումների այսօրվա օրակարգում առկա այլ հարցեր:
Սեմինարին հրավիրված էին Ազգային ժողովի, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայաստանյան ու միջազգային անկախ փորձագետներ:
Սեմինարին ներկայացված երեք հարցերից երկուսն անմիջականորեն պայմանավորված էին 2005-ի սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրության համապատասխանության անհրաժեշտությամբ: Ինչպես հայտնի է, փոփոխված Սահմանադրությամբ, Երևանը ստացել է համայնքի կարգավիճակ, ինչպես նաև սահմանադրորեն ամրագրվել է համայնքների` տեղական հարկեր սահմանելու իրավասությունը: Երրորդ բաղադրիչը` Տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատման ցուցանիշները, կապված է համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքի գնահատման հետ` որակական և քանակական ցուցանիշների միջոցով, որոնց հիման վրա փորձագետների մի խումբ կմշակի համապատասխան զեկույցներ:
Սեմինարի ընթացքում ծավալվեցին ընդգրկուն քննարկումներ բոլոր ներկայացված մշակումների շուրջ: Մասնավորապես, Տեղական ինքնակառավարման բարեփոխումների գնահատման ցուցանիշների վերաբերյալ մի շարք գործնական առաջարկներ հնչեցին, որոնք հետագա քննարկման արդյունքներում հնարավոր է, որ ընդգրկվեն ցուցանիշների ցանկի մեջ: Ընդգրկուն բանավեճեր ծավալվեցին նաև ՙԵրևանի մասին՚ և ՙՏեղական հարկերի ու վճարների մասին՚ հայեցակարգերի վերաբերյալ:
Արթուր Այվազով