Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Վանաձորում

2007թ. հոկտեմբերի 25

ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական սեմինարը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին` Վանաձոր քաղաքում: Սեմինարին մասնակցելու էին հրավիրված Թումանյանի համայնքների միության անդամ համայնքների ղեկավարներ, ֆինանսական բաժնի պետեր և համայնքային ծառայողներ:
Բացելով սեմինարը, ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի ղեկավար, ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին, ներկայացրեց թեմաները, որոնք պետք է շոշափվեին սեմինարի ընթացքում, և այդ թեմաները ներկայացնող փորձագետներին: Իր ողջույնի խոսքն ասաց նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄՏԾ գ/հ վարչության առաջատար մասնագետ Մելանյա Պեպանյանը: Նա կարևորեց համայնքների ֆինանսիստների միավորման կողմից կազմակերպված սեմինարը` նշելով, որ այդպիսի նախաձեռնություններն ուղղակիորեն նպաստում են ՀՀ–ում տեղական ինքնակառավարման զարգացմանը:
Անցնելով օրակարգային հարցերին, ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, ծանոթացրեց տեղական ինքնակառավարման համակարգին վերաբերող այն տեղեկատվական բազայի հետ, որը, շնորհիվ ծրագրի աշխատակիցների հետևողական աշխատանքի, մեկտեղվել է ՀՖՄ-ի պաշտոնական http://cfoa.am/ կայքում և Լոգին /LOGIN/ ծրագրի http://www.logincee.org/ կայքի միջոցով հասանելի է ամբողջ աշխարհին:
Սեմինարի հաջորդ բանախոս Խաչիկ Քեխյանը ներկայացրեց համայքային բյուջեի հարկային եկամուտների տվյալների բազան, դրա վարումը և վերահսկումը: Նա պարզաբանեց այդ բազաների վարման և վերահսկման օրենսդրական պահանջները, ներկայացրեց հողի հարկի մասին և գույքահարկի մասին օրենքներում կատարված փոփոխությունները:
Համայնքային բյուջետային գործընթացի խնդիրներին անդրադարձավ սեմինարի հաջորդ բանախոս Նորա Ղուկասյանը: Մասնավորապես, ներկայացվեցին բյուջետային գործընթացի փուլերը, մանրամասն անդրադարձ եղավ համայնքային բյուջեի եկամուտներին ու ծախսերին:
Սեմինարն ամփոփեց և ներկաների հարցերին պատասխանեց ՙԼոգին-Հայաստան՚ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը:

Աբրահամ Արտաշեսյան