Համայնքների Ֆինանսիստների Միավորում
<Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում> տարեկան մոնիթորինգի զեկույցների մշակման, քննարկման եվ հրապարակման <Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում> տարեկան մոնիթորինգի զեկույցների մշակման, քննարկման եվ հրապարակման

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը (ՏԻՀ) հիմնադրվել է 1996 թվականին՝ ՀՀ Սահմանադրության համաժողովրդական հանրաքվեով ընդունումից (1995 թվականի հուլիսի 5-ին) անմիջապես հետո: 1996 թվականի հունիսին ընդունվեց <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ առաջին օրենքը, այնուհետև 2002 թվականին՝ երկրորդ օրենքը: 1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանում կազմակերպվեցին և անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) առաջին ընտրությունները, որոնց արդյունքում ՀՀ 930 համայնքներում ձևավորվեցին տեղական իշխանության մարմիններ՝ համայնքի ավագանի և ղեկավար: Հետագա տարիներին Հայաստանում պարբերաբար (միչև 2005թ.-ը 3 տարին մեկ անգամ, 2005թ.-ից հետո 4 տարին մեկ անգամ) անցկացվել են ՏԻՄ-երի ձևավորման հերթական ընտրություններ, տեղի են ունեցել նաև ՏԻՄ-երի ձևավորման արտահերթ ընտրություններ:

ՀՀ ՏԻՀ-ի հիմնադրումից ի վեր այն պարբերաբար ենթարկվել է բարեփոխումների, որոնց արդյունքում համակարգում իրականացվել են մեծածավալ փոփոխություններ ու զարգացումներ: ՀՀ ՏԻՀ-ի ներդրումից ի վեր <Համայնքների ֆինանսիստների միավորում> ՀԿ-ն (ՀՖՄ-ն) մասնակցում և հետևում է ապակենտրոնացման և ՏԻ բնագավառներում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Այդ տարիներին ՀՖՄ-ն պատրաստել և հրատարակել է 5 գրքեր, որոնցից վերջին երեք գրքերում մոնիտորինգի արդյունքները ներկայացված են 5 տարեկան զեկույցների ձևով։ Այդ գրքերում տրվել է ապակենտրոնացման և ՏԻ բնագավառներում բարեփոխումների ընթացքի գնահատականը, ինչպես նաև արվել են բազմաթիվ առաջարկություններ բարեփոխումների հետագա շարունակության վերաբերյալ: Բարեփոխումների գնահատման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության ծրագրերով նախատեսված տեղական ինքնակառավարմանը (ՏԻ) վերաբերող դրույթների կատարումը, ՏԻՀ-ի վիճակը բնութագրող ցուցանիշները, ՏԻՄ-երի կատարած աշխատանքները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի ստանձնած՝ ՏԻ-անը վերաբերող պարտավորությունների կատարումը:

Այդ գրքերն են՝

  1. <Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. Քաղաքականության տարբերակներ և ուղիներ> (տնտեսագիտ. թեկնածու Դ. Թումանյանի խմբագրությամբ), 2004թ.
  2. <Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2004-2006թթ.)>, գիրք 2 (տնտեսագիտ. թեկնածու Դ. Թումանյանի խմբագրությամբ), 2008թ.
  3. <Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2007թ. և 2008թ.)>, գիրք 3 (տնտեսագիտ. թեկնածու Դ. Թումանյանի խմբագրությամբ), 2009թ.
  4. <Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում (2009թ. և 2010թ.)>, գիրք 4 (տնտեսագիտ. թեկնածու Դ. Թումանյանի խմբագրությամբ), 2011թ.
  5. <Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2011թ.)>, գիրք 5 (տնտեսագիտ. թեկնածու Դ. Թումանյանի խմբագրությամբ), 2012թ.

ՀՖՄ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող <Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը> (<ՀաՄաՏեղ>) ծրագրի շրջանակներում, նախատեսում է շարունակել Հայաստանում ապակենտրոնացման և ՏԻ բնագավառների բարեփոխումների ընթացքի տարեկան մոնիթորինգի աշխատանքները և դրանց արդյունքում զեկույցների պատրաստումը և հրապարակումը: Առաջին զեկույցները կվերաբերեն 2012թ. և 2013թ. ընթացքում իրականացված բարեփոխումներին, որոնք կհրապարակվեն մեկ գրքում՝ 2015թ. 1-ին եռամսյակում, այնուհետ՝ յուրաքանչյուր տարվա (սկսած 2014թ.-ից մինչև 2018թ.-ը ներառյալ) ավարտից հետո կպատրաստվի այդ տարվա բարեփոխումների վերաբերյալ զեկույցը և կհրապարակվի հաջորդ տարվա 1-ին կիսամյակում: Այդպիսով, <ՀաՄաՏեղ> ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, կպատրաստվեն և կհրապարակվեն 7 տարեկան զեկույցներ՝ 6 գրքերում, որոնք կներառեն 2012-2018թթ. ընթացքում պլանավորված և իրականացված բարեփոխումների գնահատման արդյունքները: Այս զեկույցներն ուղղվելու են ապակենտրոնացման և ՏԻ բնագավառներում քաղաքականություններ մշակողներին և որոշումներ ընդունողներին, միջազգային և տեղական կազմակերպություններին, ՀՀ մարզպետարաններին, ՏԻՄ-երին, ինչպես նաև այդ բնագավառների բարեփոխումներով հետաքրքրվող՝ հասարակության լայն խավերին:

Մեթոդաբանության 1-ին բաժնում ներկայացվում է տարեկան զեկույցի ընդհանուր կառուցվածքն՝ ըստ ՏԻ բնագավառի հիմնական ուղղությունների:

Մեթոդաբանության 2-րդ բաժնում ներկայացվում է զեկույցի ձևաչափը և դրան ներկայացվող տեխնիկական պահանջները:

Մեթոդաբանության 3-րդ բաժնում ներկայացվում է զեկույցի առանձին ուղղությունների նյութերի մշակման համար փորձագետների ընտրության, անհրաժեշտ տվյալների հավաքագրման, աշխատանքների կազմակերպման և համակարգման հարցերը:

Մեթոդաբանության 4-րդ բաժնում ներկայացվում է զեկույցի քննարկման, ներկայացման և հրապարակման հարցերը:

Մեթոդաբանության հավելվածում բերվում է զեկույցի կառուցվածքային առանձին ուղղությունների տեխնիկական առաջադրանքները: